Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախագահականում քննարկվել է «Գլենդեյլ Հիլզ»-ի աշխատանքը

Պաշտոնական
df7493fe88c12134cf2dcfb7085f90ac

Շիրակի եւ Լոռու մարզերում պետական միջոցներով իրականացվող կառուցապատման աշխատանքների եւ մեկ շաբաթ առաջ Գյումրիում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը այսօր քննարկվել է Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի մոտ։

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ քաղաքաշինության նախարարը, ՀՀ գլխավոր ճարտարապետը, Շիրակի եւ Լոռու մարզպետները, Գյումրիի քաղաքապետը, շինարարությունն իրականացնող "Գլենդել Հիլզ" ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահը, պաշտոնատար այլ անձինք:

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը Նախագահի անունից պահանջել է խստագույնս հետեւել պետական սուղ միջոցներով աղետի գոտում իրականացվող լայնածավալ շինարարական աշխատանքների որակին եւ ժամանակացույցին` ապահովելով մարդկանց բնակության համար անհրաժեշտ կոմունալ-կենցաղային, ենթակառուցվածքային նվազագույն բոլոր պայմանները:

«Որակի հետ կապված ցանկացած թերություն հայտնաբերելու դեպքում` շինարարությունը պետք է դադարեցնել եւ կառուցապատողին պարտավորեցնել անմիջապես շտկել թերությունը, որպեսզի բնակիչները հետագայում խնդիրներ եւ դրանց հետ կապված դժգոհություններ չունենան: Պետությունն անում է ամեն հնարավորը` մարդկանց բնակարանով ապահովելու կենսական նշանակության այդ խնդրի լուծման համար, ուստի շինարարությունն իրականացնողների եւ այլ պատասխանատուների պատճառով չպետք է դժգոհություններ առաջանան",-ասել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը:

ՀՀ քաղաքաշինության նախարարը խորհրդակցության մասնակիցներին ներկայացրել է Սպիտակ քաղաքում եւ գյուղական բնակավայրերում կառուցապատման աշխատանքների ընթացքը, Գյումրիի "Մուշ-2" թաղամասում բնակելի շենքերի շինարարության ժամանակ հայտնաբերված թերությունները շտկելու նպատակով ձեռնարկված աշխատանքն ու տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ այսուհետ դրանք բացառելու ուղղությամբ իրականացվող միջոցառումները: