Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Անկարայից Երևան թռիչք է եղել․ արդյո՞ք սա վարչապետի առաջարկի հետքերով է․ պարզաբանում է ԱԽ քարտուղարը (տեսանյութ)

Ինչո՞ւ է Էրդողանից Փաշինյանը հանդիպում խնդրում։ Նման հարց այսօր ճեպազրույցում ուղղվեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին։

«Ամբողջ տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու տրամաբանության շրջանակներում նաև պետք է կարգավորենք հարաբերությունները Թուրքիայի հետ։ Այդ հարաբերությունները պետք է կարգավորվել աստիճանաբար։ Մենք համոզված ենք, որ այդ հարաբերությունները կարգավորելու հնարավորություններից մեկը բարձր և բարձրագույն մակարդակով երկխոսություն ունենալն է»,-արձագանքեց Արմեն Գրիգորյանը։

Արմեն Գրիգորյանը հույս հայտնեց, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը կլինի առանց նախապայմանների։

Անկարայից Երևան մասնավոր թռիչքի մասին լուրերի մասին հարց հնչեցվեց՝ արդյո՞ք թռիչքը վարչապետի հրավերի հետքերով էր, ԱԽ քարտուղարը պատասխանեց հակիրճ․ «Ես չեմ կարող մեկնաբանել տելեգրամյան ալիքներում շրջանառվող կեղծ լուրերը»։

Հարցին՝ Գորիս-Կապան ավտոճանապարհը անվտա՞նգ է ՀՀ քաղաքացիների համար, Արմեն Գրիգորյանը տվեց ոչ շատ սպառիչ պատասխան՝ որոշ խնդիրներ առաջացել են, բայց հույս ունեն, որ այդ ճանապարհը կկարողանանք անվտանգ շահագործել, որովհետև նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների համաձայն՝ այդ ճանապարհը հայկական կողմը պետք է կարողանա անվտանգ օգտագործել։