Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Լաբորատորիա է բացվել, որտեղ փորձարկելու են ճանապարհաշինական նյութերի որակը (տեսանյութ)

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանն արդեն ճանապարհաշինարարական փորձարկումների լաբորատորիա ունի։ Այն կառուցվել և կահավորվել է Համաշխարհային բանկի «ՇԻՆԼԱԲ» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում։ Լաբորատորիան գիտական խնդիրներ լուծելուց բացի աջակցելու է ուսանողներին։ Նրանք արդեն տեսական գիտելիքները գործնականում փորձելու հնարավորություն կունենան։

«Սա լրացուցիչ հնարավորություն է բուհին նաեւ պրակտիկ խնդիրներ լուծել մեր տնտեսության համար, մեր շինարարական կազմակերպությունների համար առավել բարձր որակ ապահովելու եւ շինարարներին վստահելի ցուցանիշներ տալու համար։ Սա ամենավառ օրինակներից է, որ կրթությունը վերացական բան չէ, իրականությունից կտրված, պրակտիկայից, որ հետո պետք է մեծ ջանքեր գործադրես, որպեսզի իրական կյանքում գիտելիքդ կիրառես», - ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։

Դումանյանի խոսքով՝ լաբորատորիան մեծապես կնպաստի ճանապարհների որակի բարձրացմանը, և հիմա էլ արդեն բուհը տարբեր շինարարական ընկերություններից համագործակցության առաջարկ ունի։ Իսկ լաբորատորիայում փորձարկելու են ճանապարհաշինական նյութերի որակը։

Ամբիոնի վարիչն ասում է` ուսանողներն արդեն եկել, տեսել են լաբորատորիան ու անհամբերությամբ դասերին են սպասում։

Որոշ փորձեր անել արդեն հասցրել են, արդյունքն էլ բավականին գոհացուցիչ է եղել։ Սարքավորումները նոր ու ժամանակակից են, իսկ լաբորատորիայի երկրորդ հարկում լսարան կա, որտեղ ուսանողները կանցկացնեն իրենց տեսական դասերը։