Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Վստահ եմ, որ կառավարությունը պայմանավորվածություն ունի թուրք-ադրբեջանական տանդեմի հետ․ Օհանյան (տեսանյութ)

Այս 30 տարիների ընթացքում Հայաստանը բավականին լուրջ ձեռքբերումներ է ունեցել, սակայն այս օրերին դժվար է խոսել հենց պետականաշինության, ՀՀ ինքնիշխանության մասին, այս կարծիքը Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում հայտնեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Սեյրան Օհանյանը:

Այժմ ինքնիշխան պետության և անկախության մասին խոսելը, նրա խոսքով, շատ դժվար է: Եվ ոչ միայն պարտությունից հետո, քանի որ այդ պարտությունները շարունակական են դառնում:

«Թուրք-ադրբեջանական տանդեմը մխրճվել է մեր տարածք և երկրի իշխանությունները ի վիճակի չեն որևէ հարց լուծելու, ավելին` կարծում եմ, որ ներքին պայմանավորվածություններ ունեն և գնում են դեպի ադրբեջանական խաղաղության թեզի խաբկանք», - ասաց Օհանյանը:

Թե այդ ինչ դրական ազդակներ են ստանում Թուրքիայից, Օհանյանը հորդորեց հարցնել Էրդողանի բարեկամներին Հայաստանում: Թուրք-ադրբեջանական տանդեմն էլ այսօր ամեն ինչ անում է, որ Սյունիքում միջանցք լինի, խոսք է գնում ճանապարհների ապաշրջափակման մասին, բայց դա բերելու է Հայաստանի և Արցախի խորը շրջափակման: