Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

«Բավարիան» կրկին ջախջախեց «Բարսելոնային», Մյուլլերը գոլ խփեց, իսկ Ռոնալդուն կրկնեց ռեկորդը. ՉԼ

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում կայացան խմբային փուլի 1-ին տուրի հանդիպումները:

Մյունխենի «Բավարիան», որը մեկ տարի առաջ Բարսելոնայում 8:2 հաշվով ջախջախել էր համանուն ակումբին, այս անգամ նույն մրցակցի հետ խաղում բավարարվեց անպատասխան խփած երեք գոլով: Դրանցից մեկը հեղինակեց թիմի կիսապաշտպան Թոմաս Մյուլլերը, որը շարունակում է մնալ կատալոնյան ակումբի դարպասը բոլորից շատ գոլ խփած ֆուտբոլիստ: Նա իսպանական թիմի դեմ անկացրած 6 խաղում դարձել է 7 գնդակի հեղինակ: Այդ ցուցանիշով երկրորդ տեղում ուկրաինացի Անդրեյ Շևչենկոն է, որը 11 խաղում «Բարսելոնայի» դարպասը գրավել է ընդամենը 5 անգամ:

Կատալոնյան ակումբը նաև կրկնել է իր երկու հակառեկորդները: Թիմը երկրորդ անգամ ամբողջ խաղի ընթացքում չի կարողացել ուղիղ հարված կատարել մրցակցի դարպասին, բացի այդ 1997 թվականից հետո առաջին անգամ պարտությունով է մեկնարկել չեմպիոնների լիգան:

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» առաջին խաղում անսպասելի պարտվեց շվեյցարական «Յանգ Բոյզին»` 1:2, ընդ որում հաղթողները վճռորոշ գոլը խփել են 90+5 րոպեին, մանչեսթրցիների ֆուտբոլիստի անհաշվենկատ փոխանցումից հետո: Սակայն, «կարմիր սատանաների» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն հերթական անհատական նվաճման է հասել: Պորտուգալացի ֆուտբոլիստը չեմպիոնների լիգայում անցկացրած խաղերի քանակով հավասարվել է ռեկորդակիր, իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլյասին: Այժմ երկուսն էլ ունեն 177-ական հանդիպում:

Այս տուրում ուշագրավ ռեկորդ է սահմանել բելառուսցի Ալեքսեյ Կուլբակովը: Նա «Սևիլյա» - «Զալցբուրգ» խաղի առաջին կեսում 11 մետրանոց 4 հարված է նշանակել, ընդ որում երեքը դաշտի տերերի դարպասին, սակայն կողմերն իրացրել են մեկական հարված: Հյուրերի կազմում բոլոր երեք 11 մետրանոցները վաստակել է 19-ամյա գերմանացի ֆուտբոլիստ Քարիմ Ադեյեմին:

Այսօր կկայանան 1-ին տուրի մնացած 8 հանդիպումները:

 

Չեմպիոնների լիգա

Խմբային փուլ

1-ին տուր

 

14 սեպտեմբերի

E խումբ

«Բարսելոնա» - «Բավարիա»` 0:3

«Դինամո» Կիև - «Բենֆիկա»` 0:0

 

F խումբ

«Յանգ Բոյզ» - «Մանչեսթեր Յունայթեդ»` 2:1

«Վիլյառեալ» - «Ատալանտա»` 2:2

 

G խումբ

«Սևիլյա» - «Զալցբուրգ»` 1:1

«Լիլ» - «Վոլֆսբուրգ»` 0:0

 

H խումբ

«Չելսի» - «Զենիթ»` 1:0

«Մալմյո» - «Յուվենթուս»` 0:3

 

Այսօր կկայանան հետևյալ հանդիպումները.

 

A խումբ

«Մանչեսթեր Սիթի» - «Լայպցիգ»

«Բրյուգե» - «ՊՍԺ»

 

B խումբ

«Լիվերպուլ» - «Միլան»

«Աթլետիկո» - «Պորտու»

 

C խումբ

«Բեշիկթաշ» - «Բորուսիա» Դորտմունդ

«Սպորտինգ» - «Այաքս»

 

D խումբ

«Ինտեր» - «Ռեալ»

«Շերիֆ» - «Շախտյոր»