Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱԳՆ ՀՀ (2)
A A
Պաշտոնական

Հայաստան կժամանի Սլովակիայի ԱԳ նախարարը

Սեպտեմբերի 13-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սլովակիայի ԱԳ նախարար Իվան Կորչոկը՝ տեղեկացնում է Արտաքին գործերի նախարարաությունը։

Սեպտեմբերի 14-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Սլովակիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը: Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԺ նախագահի հետ:

Արարատ Միրզոյանի և Իվան Կորչակի հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին ժ. 9:30-ին, որին կհետևի ՀՀ ԱԳ նախարարի և Սլովակիայի ԱԳ նախարարի մամուլի համար համատեղ հայտարարությունը՝ ժ. 10:30-ին: Ժամը 9:30-ին կայանալիք հանդիպման արարողակարգային նկարահանումներն իրականացնելու և ժ. 10:30-ին մամուլի համար համատեղ հայտարարությունը լուսաբանելու համար հրավիրվում են օպերատորներն ու լուսանկարիչները: Հանդիպման լուսաբանմանը կարող են մասնակցել միայն ԱԳՆ 2021թ. հավատարմագրումն անցած ԶԼՄ ներկայացուցիչները՝ բացառապես ԱԳՆ հավատարմագրման քարտի առկայության պարագայում:

Հայաստանի Հանրապետության և Սլովակիայի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների վերաբերյալ հակիրճ տեղեկանք

Սեպտեմբերի 14-ին պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Սլովակիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Իվան Կորչոկը: Այցը նպատակաուղղված է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը, դրանց որակական նոր լիցք հաղորդելուն: Հայ-սլովակյան հարաբերություններն ավանդաբար կրում են բարեկամական և գործընկերային բնույթ: Սլովակիան հանդիսանում է Եվրոպայում Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը, և Հայաստանը շահագրգռված է՝ ընդլայնելու և խորացնելու Սլովակիայի հետ համագործակցությունը քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր այլ բնագավառներում՝ ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ ձևաչափերով:

Հայաստանի և Սլովակիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1993թ. հունվարի 14-ին: Սլովակիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը (նստավայրը՝ Վիեննա) 2019թ. դեկտեմբերի 17-ին իր հավատարմագրերն է հանձնել Սլովակիայի Հանրապետության նախագահ Զուզանա Չապուտովային: 2019թ. նոյեմբերի 15-ին Սլովակիայում ՀՀ պատվավոր հյուպատոս է նշանակվել Բագրատ Հակոբյանը:

2019թ. Սլովակիան որոշում կայացրեց Երևանում Սլովակիայի ռեզիդենտ դեսպանություն հիմնելու վերաբերյալ, որի բացումը տեղի ունեցավ 2020թ․ փետրվարի 24-ին՝ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակի մասնակցությամբ։ ՀՀ-ում Սլովակիայի Հանրապետության դեսպանն է Միրոսլավ Հացեկը:

Եվրամիության և ԵՄ անդամ պետությունների հետ հարաբերությունների նոր իրավական հենք հանդիսացող ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Սլովակիան վավերացրել է 2019թ. հունիսի 4-ին:

2018թ. նոյեմբերի 21-ին Երևանում Հայաստանի և Սլովակիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև անց են կացվել քաղաքական խորհրդակցություններ: Հայաստանի և Սլովակիայի միջև արտաքին առևտրաշրջանառությունը 2020թ. կազմել է 17,669.0 հազար ԱՄՆ դոլար: ՀՀ-ից Սլովակիայի Հանրապետություն ապրանքների արտահանումը 2020թ. կազմել է 8312,8 հազ. ԱՄՆ դոլար, ներմուծումը՝ 9356,2 հազ. ԱՄՆ դոլար: Սլովակյան տնտեսության և բիզնեսի տեսանկյունից Հայաստանը դիտարկվում է որպես հանգույց (hub)՝ դեպի Կենտրոնական Ասիայի շուկաները: Երկու երկրների ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում փոխգործակցություն է հաստատվել ՀՀ Արմավիրի մարզի և Սլովակիայի Հանրապետության Տռնավայի երկրամասի միջև:

Երևանն ու Բրատիսլավան ունեն եղբայրացման մասին համաձայնագիր: Սլովակիայի խորհրդարանում գործում է Հայաստանի և Վրաստանի հետ բարեկամական խումբ՝ բաղկացած տարբեր խմբակցություններ ներկայացնող 11 պատգամավորից: Սլովակիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում պահպանում է ԵՄ կողմից որդեգրված դիրքորոշումը՝ հակամարտության խաղաղ կարգավորումն իրականացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: 2004թ. նոյեմբերի 30-ին Սլովակիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձև է ընդունել։ Սլովակիան համահեղինակել է ՀՀ կողմից 2013թ., 2015թ. և 2018թ. Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում առաջադրած և հեղինակած «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը: