Բացել լրահոսը Փակել լրահոսը
241520660_1733393743519256_8205847648034103986_n (1)
A A
Հասարակություն

Մայր Աթոռում մեկնարկեց «Միջազգային կրոնական ազատություն և խաղաղություն» խորագրով համաժողովը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ մեկնարկեց «Միջազգային կրոնական ազատություն և խաղաղություն» խորագրով համաժողովը: Ինչպես տեղեկացնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը, համաժողովը մեկ վայրում է համախմբել տարբեր երկրներից ժամանած կրոնական առաջնորդների և առաջատար գիտնականների ու փորձագետների՝ քննարկելու համաշխարհային հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանության հարցը, ինչպես նաև մշակելու ամբողջ աշխարհում կրոնական ազատության և մշակութային ժառանգության պահպանման վերաբերյալ առաջարկություններ, որոնք կարող են լայնորեն կիրառվել հետագայում:  

Ամենայն Հայոց կաթողիկոսն իր ողջույնի խոսքում կարևորեց կրոնի և հոգևորականների դերն ու գործունեությունը կրոնական ազատության և խաղաղության  գործում:

 
 

«Բարձրաշնորհ հոգևոր հայրեր, տիկնայք և պարոնայք: Ուրախ ենք ողջունելու ձեզ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ «Միջազգային կրոնական ազատություն և խաղաղություն» խորագրով համաժողովի առթիվ: Գնահատելի են Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում գործող Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության պահպանության գրասենյակի և հանձնախմբի ջանքերը՝ այստեղ մեկտեղելու ազատության, խաղաղության վեհ գաղափարների համար իրենց ծառայությունն աշխարհին բերող նվիրյալներին, որոնց համատեղ ջանքերի համագումարը մեծապես կնպաստի այդ գաղափարների վերարժևորմանն ու ամրապնդմանը: Ազատության և խաղաղության գաղափարները մարդկության պատմության տարեկիցներն են և այսօր էլ շարունակում են  մնալ արդիական, մանավան, երբ աշխարհի տարբեր մասերում բռնությունների, հակամարտությունների և պատերազմների առկայությունը հաճախ փորձ է արվում հիմնավորել ազատության կամ խաղաղության հաստատման կեղծ օրակարգով», - ասաց Կաթողիկոսը:

Գարեգին Բ-ի խոսքով՝ առանց ազատության և խաղաղության վերաբերյալ կրոնական վսեմ ըմբռնումի հնարավոր չէ հասնել մարդկային ազատությունների ու իրավունքների ճշգրիտ ընկալմանն ու իրացմանը: «Աշխարհիկ հասկացողությամբ՝ ազատությունը մեկնաբանվում է որպես անձի ինքնաարտահայտման և ազատ գործելու իրավունք, այլոց ազատությունների հանդեպ վտանգների բացառումով: Ազատության գաղափարի ըմբռնումներ ինչպիսի հիմքի վրա էլ կառուցվեն, անվիճարկելիորեն պետք է կոչված լինեն ծառայելու մարդկանց խաղաղ համակեցության ապահովանը: Մաղթում եմ, որ աշխարհի տարբեր երկրներից ժամանած կրոնական առաջնորդների, եկեղեցականների, առաջատար գիտնականների ու փորձագետների կողմից ներկայացվող զեկույցները և արգասավոր քննարկումները բարենպաստ կլինեն աշխարհում ազատության ու խաղաղության ամրապնդմանը», - իր խոսքը եզրափակեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի խոսքով՝ նման միջոցառումների դերը խիստ կարևոր է, քանի որ դրանք թույլ են տալիս կոտրել կարծրատիպերը, շփվել միմյանց հետ ու ի վերջո ճշմարտությունը ներկայացնել աշխարհին։

«Մենք արցախա-ադրբեջանական հակամարտությունը չենք համարում կրոնական, և նույնիսկ չենք համարում հասարակ ժողովրդին մեզ թշնամի: Հենց ադրբեջանական պետությունն է թշնամական քաղաքականություն վարում, և այդ ահաբեկիչները, վարձկանները նրանք կրոն չեն ներկայացնում, քանի որ այն, ինչ իրենք անում են, իրենց սեփական կրոնի դեմ է: Այս պատգամը մենք ցանկանում ենք ներկայացնել այստեղ ու շատ ենք կարևորում նմանատիպ հանդիպումները»,- հավելեց Բաբայանը:

Համաժողովի ընթացքում քննարկվելու են հակամարտության գոտիներում դեպի պաշտամունքի վայրեր մուտքի հնարավորությունը, կրոնական և էթնիկ փոքրամասնությունների պաշտպանությունը, հոգևոր-մշակութային ժառանգության պահպանումը և այլ թեմաներ։