Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆավորիտը Սլովակիան է

Սպորտ
76547f4777715d6aad53a2801ecbd7a6

Այսօր Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի հավաքականը Եվրոպայի 2012 թ առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում կհանդիպի Սլովակիայի ազգային թիմի հետ: Սա երկու երկրների ընտրանիների անդրանիկ հակամարտությունը կլինի:

Բուքմեյքերները հանդիպման ֆավորիտ են համարում Սլովակիայի հավաքականին, քանի որ այն երկու տուրից հետո վաստակել է 6 միավոր եւ Իռլանդիայի հետ գլխավորում է 2-րդ ընտրական խմբի աղյուսակը: Մեր ընտրանին 1 միավորով Մակեդոնիայի հետ բաժանում է 4-5-րդ տեղերը: Սլովակիայի բուքմեյքերային կայքերի հարցման արդյունքներով տեղի երկրպագուների 89,5 տոկոսը գտնում է, որ իրենց թիմը չի պարտվի Երեւանում, եւ միայն 1,4-ն է կարծում, որ Հայաստանի հավաքականը հաղթանակ կտանի:

Մեր հավաքականի մրցակիցը եւս մի քանի առավելություններ ունի: Մասնավորապես` ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Սլովակիան այժմ զբաղեցնում է 19-րդ հորիզոնականը, իսկ Հայաստանի հավաքականը 105-րդն է: Մեծ է տարբերությունը նաեւ երկու թիմերի ինքնարժեքի միջեւ: Սլովակիայի ընտրանու ֆուտբոլիստների տրանսֆերային ընդհանուր արժեքը կազմում է 85,6 մլն եվրո, իսկ Հայաստանի հավաքականի խաղացողներինը` 9,75 մլն: Ավելին, միայն իտալական «Նապոլիում» հանդես եկող սլովակ հարձակվող Մարեկ Համշիկի տրանսֆերային գինը հավասար է 24 մլն եվրո (մեր թիմի ամենաթանկ ֆուտբոլիստը Հենրիխ Մխիթարյանն է` 4 մլն):

Հիշեցնենք, որ Հայաստան - Սլովակիա ընտրական հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով 20:00-ին: Խաղի գլխավոր մրցավար է նշանակվել իտալացի խաղավար, 34-ամյա Դանիելե Օրսատոն: Նա մասնագիտությամբ համակարգչային ծրագրավորող է, Իտալիայի առաջնության հանդիպումները սպասարկում է 2002 թվականից, իսկ A սերիայի գլխավոր մրցավար է նշանակվել այս տարի: