Բացել լրահոսը Փակել լրահոսը
Միս
A A
Պաշտոնական Հասարակություն

Սեպտեմբերի 15-ից ուժեղացված վերահսկողություն՝ թարմ մսի սպանդանոցային ծագման նկատմամբ

 
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2021թ. սեպտեմբերի 15-ից սկսելու է սպանդանոցներում, իրացման ցանցում և հանրային սննդի կետերում իրացվող թարմ միս-մսեղիքի սպանդանոցային ծագման նկատմամբ ուժեղացված վերահսկողություն՝ օգտվելով գործառույթներով վերապահված իր ողջ գործիքակազմից: Այս մասին հայտնում է տեսչական մարմինը։
 
✅ Կենդանական ծագման սննդամթերքն ունի բարձր ռիսկ և, շղթայի բոլոր փուլերում վերահսկողությունն ուժեղացնելով, Տեսչական մարմինը նպատակ ունի սպառողներին ապահովել առավել որակյալ ու անվտանգ մթերքով՝ զերծ պահելով հնարավոր հիվանդություններից:
Այսօր Հայաստանում գործում է 85 սպանդանոց:
☝️ Հիշեցնենք, որ 2020թ. հուլիսի 1-ից հանրապետությունում սպառման ենթակա թարմ միս-մսեղիքը պետք է պարտադիր ունենա սպանդանոցային ծագում:
Դա ենթադրում է՝
❗️ բացառապես սպանդանոցային մորթի ենթարկված մսի շրջանառություն,
❗️ մսի մակնշում՝ ներառյալ սպանդանոցի մասին տեղեկություններ,
❗️ վարչական պատասխանատվություն այս պահանջները չկատարելու համար:
 
Սպանդանոցային ծագման միս-մսեղիքը Հայաստանի տարածքով փոխադրելու և իրացնելու համար տրամադրվում է ձև 5 անասնաբուժական վկայականը: Այն սպանդանոցները պետք է տրամադրեն միսն իրենցից ձեռք բերող-իրացնողներին:
 
5-րդ ձևն ունի պիտակ, որը մատակարարի կողմից լրացվում և տրվում է իրացնողին, եթե վկայականում նշված խմբաքանակը բաժանվելու և իրացվելու է տարբեր վաճառակետերում կամ hանրային սննդի օբյեկտներում: Բաժանված յուրաքանչյուր խմբաքանակի հետ ևս տրվում է պիտակ, որը նույնականացվում է վկայականի հերթական համարակալման թվով:
 
❗️ Ձև 5 վկայականի վաճառքն առաջացնում է քրեական պատասխանատվություն:
Թարմ միս ձեռք բերող-իրացնողը պարտավոր է պահանջել դրա սպանդանոցային մորթն ու անվտանգությունը հավաստող ձև 5-ը կամ պիտակը, իսկ սպառողը կարող է պահանջել և ստուգել դրա հավաստիությունը հեռախոսի օգնությամբ՝ QR-կոդի միջոցով, տեղում ստանալով վաճառվող մսի մասին ամբողջ տեղեկատվությունը և համոզվելով, որ տվյալ խմբաքանակն ունի սպանդանոցային ծագում և անվտանգ է: