Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Գերմանիա – Հայաստան. հանդիպում հզոր և անգութ մրցակցի հետ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականն այսօր կանցկացնի 2022թ աշխարհի առաջնության ընտրական փուլի թվով 5-րդ համդիպումը: Մեր թիմը Շտուտգարտում ուժերը կչափի աշխարհի քառակի և Եվրոպայի եռակի չեմպիոն Գերմանիայի հետ:

Նախկինում երկու երկների ազգային թիմերն իրար հետ հանդիպել են երեք անգամ: Ավաղ, դրանք անհաջող ավարտ են ունեցել մեր ֆուտբոլիստների համար: Ավելին, կարելի է ասել, որ Գերմանիայի ընտրանին ամենաանգուտ մրցակիցն է Հայաստանի հավաքականի պատմության ընթացքում:

Կողմերն առաջին անգամ միմյանց հետ հանդիպել են 1998թ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում: Անդրանիկ խաղը կայացել է 1996 թվականի հոկտեմբերի 9-ին: Երևանի «Հրազդան» ստադիոն եկած 50 հազար հանդիսականները մեծ հիասթափություն ապրեցին, քանի որ մրցակիցը բոլոր առումներով գերազանցեց մեր թիմին և հաղթեց 5:1 խոշոր հաշվով: Եվրոպայի գործող չեմպիոնների կազմում հատկապես աչքի ընկավ կարճահասակ Թոմաս Հյոսլերը, որը երկու անգամ գրավեց Ռոման Բերեզովսկու պաշտպանած դարպասը: Մերոնցից հեղինակության միակ գոլը խփեց Կարապետ Միքայելյանը, 85-րդ րոպեին:

Ի դեպ, այդ խաղի մրցավարը իտալացի Պիեռլուիջի Կոլինան էր, որը դեռևս հայտնի չէր ֆուտբոլային հասարակայնությանը և առաջին միջազգային խաղն էր վարում հավաքականների մակարդակով: Հետագայում նա դարձավ աշխարհի լավագույն խաղավարներից մեկը:

Թիմերի պատասխան հանդիպումը տեղի ունեցավ 1997 թվականի սեպտեմբերի 10-ին, Դորտմունդում: Հայաստանի հավաքականը, որին այդ խաղում ղեկավարում էր Էդուարդ Մարգարովը (գլխավոր մարզիչ Խորեն Հովհաննիսյանն անհատ պատճառով չէր մեկնել Գերմանիա-հեղ.), մինչև 70-րդ րոպեն դիմակայեց տանտերերի գրոհներին, սակայն մնացած 20 րոպեում չորս գոլ բաց թողեց և կրկին պարտվեց խոշոր հաշվով` 0:4: Այս անգամ դուբլի հեղինակ դարձավ Յուրգեն Կլինսմանը: 

Գերմանիայի և Հայաստանի հավաքականները երրորդ անգամ իրար հետ հանդիպել են 2014 թվականի հունիսի 6-ին, Մայնցում: Տանտերերն այդ ժամանակ պատրաստվում էին Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությանը, իսկ մերոնք` 2016 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլին:

Առաջին խաղակեսում դարպասները դարձյալ մնացին անառիկ, սակայն 52-րդ րոպեին Անդրե Շյուռլեն բացում է հաշիվը: 69-րդ րոպեին մեր թիմը վաստակում է 11մ հարվածի իրավունք, որը վստահ իրացնում է Դորտմունցի «Բորուսիայում» հանդես եկող Հենրիխ Մխիթարյանը: Դրանից հետո դաշտի տերերը մի տեսակ «զայրացան» և սկսեցին մեծ ուժերով գրոհել: Արդյունքում, նրանք 20 րոպեում խփեցին 5 անպատասխան գնդակ և գերազանցեցին 1996 թվականի Եվրոպայի չեմպիոններին` 6:1: Մեկ ամիս անց Գերմանիայի հավաքականը հռչակվեց աշխարհի չեմպիոն` կիսաեզրափակիչում 7:1 հաշվով ջախջախելով առաջնության կազմակերպիչներին` բրազիլացիներին:

Այսօր Հայաստանի հավաքականը չորրորդ անգամ «քննության» կենթարկվի աշխարհի ուժաղագույն հավաքականներից մեկի կողմից: Հանդիպումը կսկսի Երևանի ժամանակով ժամը` 22:45-ին: