Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled collage (2)
A A
Պաշտոնական

ԿԳՄՍՆ-ն արձագանքել է Գառնիի տարածքում տեղի ունեցած հարսանիքի մասին հրապարակումներին

Համացանցում քննարկվում է «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում այսօր անցկացված հարսանեկան միջոցառումը։ Այս մասին պարզաբանում է տարածել ՀՀ ԿԳՄՍՆ պահպանության ՊՈԱԿ-ը։
 
Պարզաբանման մեջ մասնավորապես նշվում է․ 
 
«Տարածվել է նաեւ շատ վատ որակի մի տեսագրություն` ռաբիս երաժշտությամբ, որն իբրեւ հնչել է միջոցառման ժամանակ։
 
Տեղեկացնում ենք, որ ՊՈԱԿ-ը արգելոց-թանգարանի տարածքում միջոցառում անցկացնելու պայմանագիր կնքել է համապատասխան կազմակերպության հետ։ Այդ մասին ՊՈԱԿ-ը նախապես տեղյակ է պահել լիազոր մարմնին եւ ստացել թույլտվություն։ Ինչ վերաբերում է ռաբիս երաժշտությանն, ապա միջոցառման ընթացքում հնչել են «Գաթա» եւ «Ծիրանի» բենդ խմբերի կատարումները։ Վերոնշյալ ռաբիս երաժշտությունը, հարակից տարածքի որեւէ օբյեկտից հնչող կատարում է եղել։
 
Առավել մանրամասն պարզաբանմամբ ՊՈԱԿ-ը հանդես կգա առաջիկայում»։
 
Հիշեցնենք, որ նույն ՊՈԱԿ-ը երեկ տեղեկացրել էր, որ Սեպտեմբերի 4-ին, ժամը 13։00-ից մինչև 22։00-ն, նախանշված միջոցառման պատճառով, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը փակ կլինի։
 
Խնդրին արձագանքել է նաև Զբոսաշրջության կոմիտեն՝ նշելով, որ հետամուտ են այս խնդրի շուրջ լայն քննարկումներ նախաձեռնել համապատասխան գերատեսչությունների մասնակցությամբ` պատմամշակութային և զբոսաշրջային նշանակության վայրերում միջոցառումների անցկացումը կանոնակարգելու համար։