Վայսը դժվար խաղ է ակնկալում
Ֆուտբոլի Սլովակիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը իր թիմի համար դժվար խաղ է ակնկալում վաղը Հայաստանի ընտրանու հետ կայանալիք հանդիպումից.
«Ես դիտել եմ Հայաստանի ընտրանու վերջին հանդիպումները: Թիմը արագ ֆուտբոլ է խաղում, իսկ ֆուտբոլիստները տեխնիկապես լավ են պատրաստված: Հատկապես վտանգավոր են հարձակվողները` Հենրիխ Մխիթարյանը, Յուրա Մովսիսյանը եւ Էդգար Մանուչարյանը»:
Մեկնաբանելով լրատվամիջոցների այն տեսակետը, որ հանդիպման ֆավորիտը Սլովակիայի հավաքականն է, 46-ամյա մասնագետն ասաց, որ իրենք առայժմ թղթի վրա են ֆավորիտ, իսկ իսկական ֆավորիտն ի հայտ կգա վաղը, խաղադաշտում: Այնուամենայնիվ սլովակների գլխավոր մարզիչը խոստովանեց, որ Երեւան են ժամանել միավորներ վաստակելու նպատակով: «Մենք ինքներս պետք է մեր խնդիրները լուծենք, այլ ոչ թե հույս կապենք մեր մրցակիցների սայթաքումների հետ»:
Վլադիմիր Վայսը վերջում մատնանշեց, որ «Հանրապետական» մարզադաշտի խոտածածկը իդեալական վիճակում է գտնվում, ուստի թիմերը լավ ֆուտբոլ ցուցադրելու հնարավորություն ունեն: