Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess evropa (1)
A A
Սպորտ

Հովհաննես Գաբուզյանը շարունակում է հավակնել շախմատի Եվրոպայի չեմպիոնի կոչմանը

Ռեյկյավիկում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը մոտենում է ավարտին:

 

Ինը տուրից հետո մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է ռուսաստանցի Անտոն Դեմչենկոն, որը վաստակել է 7,5 միավոր: Նրան հաջորդում են գերմանացի Վինսենտ Կեյմերն ու ադրբեջանցի Ռաուֆ Մամեդովը, որոնք ունեն 7-ական միավոր:

 

Առաջատարին հետապնդող երկրորդ խումբը բաղկացած է 8 շախմատիստներից, որոնք իրենց ակտիվում ունեն 6,5-ական միավոր: Դրանց թվում է նաև Հայաստանի չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը, որը ընթացիկ տուրում ոչ-ոքի խաղաց չեխ գրոսմայստեր Դավիդ Նավարայի հետ:

 

Հայաստանի հավաքականի անդամ Գաբրել Սարգսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը նույնպես ոչ-ոքի խաղացին իրենց մրցակիցների հետ և վաստակեցին 6-ական միավոր: Նրանք այժմ զբաղեցնում են 19-րդ և 22-րդ տեղերը:

 

Այսօր կկայանան նախավերջին` 10-րդ տուրի պարտիաները: Հովհաննես Գաբուզյանը սևերով կհանդիպի Իտալիայի ուժեղագույն շախմատիստի` Դանիելե Վոկատուրոյի հետ: Գաբրիել Սարգսյանին մրցակիցը սերբ Վելիմիր Իվիչն է, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանինը` վրացի Գիգա Կուպարաձեն:

 

Նշենք, որ առաջնության մրցանակային հիմնադրամը կազմում է 100 հազար եվրո: Դրամական պարգև կստանան 1-20-րդ տեղերը գրավող շախմատիստները, հաղթողը 20 հազար եվրո, 20-րդ տեղը` 1000 եվրո: