Բացել լրահոսը Փակել լրահոսը
քննչական կոմիտե
A A
Պաշտոնական

Սուպերմարկետում տեղի ունեցած խուլիգանության գործով ձերբակալվել է 2 անձ

2021թ. սեպտեմբերի 2-ին ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 11:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Գայի պողոտայում գործող սուպերմարկետում, նշված տարածքի սեփականատերը, վերջինիս որդին և 4 անձինք ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին, ինչից զգացել է ֆիզիկական ցավ և ստացել մարմնական վնասվածքներ:

 Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված անձինք, հասարակական վայրում  անձի թվացյալ առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, հարվածներ են հասցրել քաղաքացուն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ

Դեպքի առթիվ սեպտեմբերի 2-ին ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258–րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նույն օրը սուպերմարկետի սեփականատիրոջ որդին ձերբակալվել է:

2021թ. սեպտեմբերի 3-ին քրեական գործը ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ: Նույն օրը ձերբակալվել է նաև նշված սուպերմարկետի սեփականատերը:

Կատարվել են մի շարք քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ առգրավվել են սուպերմարկետի տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, զննության են ենթարկվել քաղաքացու կողմից վարույթն իրականացնող մարմնին ներկայացված տեսագրությունները, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին