Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess evropa 1.09.
A A
Սպորտ

Հայաստանի շախմատիստները զիջում են դիրքերը Ռեյկյավիկում

Հայաստանի շախմատիստներն անհաջող հանդես եկան Ռեյկյավիկում կայացող Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության 6-րդ տուրում:

Առաջատարների եռյակում գտնվող Հովհաննես Գաբուզյանը ոչ-ոքի խաղաց Գերմանիան ներկայացնող ռումինացի շախմատիստ Լիվիու-Դիտել Նիսիպեանուի հետ: Նա առաջին հորիզոնականից նահանջեց 3-րդ տեղ, քանի որ հավասար ընթացող ադրբեջանցի Ռաուֆ Մամեդովը հաղթանակ տարավ և 5,5 միավորով դարձավ միանձնյա առաջատար:

Այս տուրում միավոր կիսեց նաև Գաբրիել Սարգսյանը, որը չկարողացավ կոտրել գերմանացի Նիկլաս Հուշենբետի դիմադրությունը: Մեր շախմատիստն այժմ 4 միավորով 19-42-րդ տեղերը  բաժանում է իր հայրենակիցներ Ռոբերտ Հովհաննիսյանի և Սամվել Տեր-Սահակյանի հետ: Վերջինն այս տուրում հաղթել է նիդեռլանդցի Լիամ Վրոլիյկին, իսկ ահա Ռոբերտ Հովհաննիսյանը զիջել է լեհ Կաչպեր Պիորունին և կրել երկրորդ անընդմեջ պարտությունը: Հայկ Մարիտրոսյանը ընթացիկ տուրում պարտվեց թուրք Վահապ Սանալին և այժմ 3,5 միավորով բաժանում է 43-80-րդ տեղերը:

Այսօր տեղի կունենան 7-րդ տուրի պարտիաները: Հովհաննես Գաբուզյանը սևերով կհանդիպի Վինսենտ Կեյմերի (Գերմանիա), Ռոբերտ Հովհաննիսյանը` Լևան Պանցուլայայի (Վրաստան), Սամվել Տեր-Սահակյանը` Հանես Ստեֆանսոնի (Իսլանդիա), Հայկ Մարտիրոսյանը` Լյուբոմիր Ֆտաչնիկի (Սլովակիա) հետ: Գաբրիել Սարգսյանը սպիտակներով կխաղա ռուսաստանցի Միխայիլ Անտիպովի հետ: