Համաձայնագիր՝ ֆրանսերենի դասավանդման զարգացման վերաբերյալ
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության միջև այսօր Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոցում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության դպրոցական հաստատություններում ֆրանսերենի դասավանդման զարգացման վերաբերյալ գործընկերության համաձայնագիր»:
Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Ժոնաթան Լաքոտը:
«Ֆրանսերենի խորացված ուսուցման ծրագիրն իրականացվում է 2012 թվականից և ընդգրկում է 10 հանրակրթական դպրոցներ: 2021-2022 թթ. ուսումնական տարվանից՝ ծրագրի ընդլայնման արդյունքում, ֆրանսերենի խորացված ուսուցումը կազմակերպվելու է ևս 6 հանրակրթական ուսումնական հաստատություններում և մեկ վարժարանում: Ֆրանսերենի խորացված ուսուցման ծրագրի յուրահատկությունն այն է, որ իրագործվում է Երևանի, Գյումրու, Իջևանի, Հրազդանի, Գորիսի, Եղեգնաձորի, Սպիտակի, Վանաձորի և Էջմիածնի ուսումնական հաստատություններում: Սա վկայում է, որ ֆրանսերենի նկատմամբ հետաքրքրությունը բարձրանում է նաև Հայաստանի Հանրապետության մարզերում»,- ասել է նախարարը և վստահություն հայտնել, որ Հայաստանի հանրակրթական դպրոցներում ֆրանսերենի խորացված ուսուցման ծրագիրը լավագույնս կնպաստի Հայաստանում ֆրանսերենի տարածմանն ու դպրոցներում դասավանդման որակի և արդյունավետության բարձրացմանը: Անդրադառնալով ֆրանսերենի ուսուցման առանձնահատկություններին՝ Վահրամ Դումանյանը։
ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտն էլ շնորհակալություն է հայտնել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը՝ ի դեմս նախարար Վահրամ Դումանյանի՝ համաձայնագրի ստորագրման նախաձեռնության համար և շեշտել, որ այդ փաստաթղթով կնշանավորվի ֆրանսերենով խորացված ուսուցմամբ ծրագրի ընդլայնումը:
«Սա ընդլայնում է ոչ միայն քանակական, այլև որակական առումով, քանի որ առաջին անգամ է, որ ծրագրին միանալու են ավագ դպրոցները: Այն աշակերտներին, որոնք դպրոցում սովորել են ֆրանսերեն, ծրագիրը հնարավորություն կընձեռի շարունակելու ֆրանսերեն ուսումնառությունն ավագ դպրոցում: 148 ավագ դպրոցն էլ հնարավորություն կտա այս համայնքում գործող 4 դպրոցների աշակերտներին ավագ դպրոցում ևս շարունակելու ֆրանսերենի ուսումը»,- շեշտել է դեսպանը և ուրախությամբ հավելել, որ այս ծրագրին միացել են նաև մայրաքաղաքից դուրս գտնվող դպրոցները:
Դեսպանը տեղեկացրել է, որ այցելել է ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դպրոցներ, որտեղ հանդիպել է մոտիվացված ուսուցիչների և աշակերտների: Ներկայացնելով հուշագրից բխող համագործակցության շրջանակը՝ Ժոնաթան Լաքոտն ընդգծել է, որ ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դպրոցները կարող են կապ հաստատել Ֆրանսիայի կամ ֆրանկոֆոն երկրների դպրոցների հետ, կազմակերպել փոխանակումներ և այլն:
Նշենք, որ ըստ համաձայնագրի՝ ֆրանսերենի խորացված ծրագիր իրականացնող դպրոցները կհամալրվեն ուսումնական նյութերով, դասավանդողները կանցնեն վերապատրաստում: 2021-2022 թթ. ուսումնական տարվանից չորս դպրոցներում կբացվեն ֆրանսերենի խորացված ուսուցմամբ 2-րդից 9-րդ դասարաններ, իսկ երեք ավագ դպրոցներում՝ ֆրանսերենի խորացված ուսուցմամբ 10-ից 12-րդ դասարաններ: