Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess evropa
A A
Սպորտ

Ռոբերտ Հովհաննիասյանը միանձնյա գլխավորում է շախմատի Եվրոպայի առաջնությունը

Հայաստանի շախմատիստները հաջող են մեկնարկել Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում:

Արդեն կայացել է չորս տուր: Մեր գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը ընթացիկ պարտիայում սպիտակներով պարտության մատնեց գերմանացի Նիկլաս Հուշենվետին և տարավ չորրորդ անընդմեջ հաղթանակը: Նա առաջնության միակ մասնակիցն է, որը մեկնարկում ցույց է տվել 100 տոկոսանոց արդյունք: Այսօր նախատեսված 5-րդ տուրում Ռոբերտ Հովհաննիսյանը սևերով կմրցի ադրբեջանցի Ռաուֆ Մամեդովի հետ, որը վաստակել է 3,5 միավոր:

Միանձյա առաջատարից կեսական միավորով ետ են մնում ևս 11 շախմատիստ, այդ թվում Հայաստանի գործող չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը, որը 4-րդ տուրում ոչ-ոքի խաղաց լեհ Կաչպեր Պիորումի հետ և կորցրեց առաջին միավորը: Այսօր նա սևերով մրցելու է խորվաթ Իվան Սարիչի հետ:

Հայաստանի շախմատիստներ Գաբրիել Սարգսյանն ու Հայկ Մ. Մարտիրոսյանը հերթական տուրում հաղթանակ տարան և այժմ 3-ական միավոր բաժանում են 24-25-րդ տեղերը: Մեր գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը երեք անընդմեջ ոչ-ոքիից հետո վաստակել է 2,5 միավոր և առայժմ զբաղեցնում է 55-րդ հորիզոնականը:

Հավելենք, որ Եվրոպայի անհատական առաջնությունը բաղկացած է 11 տուրից և կավարտվի սեպտեմբերի 5-ին: Մրցանակային հիմնադրամը կազմում է 100 հազար եվրո: