Բացել լրահոսը Փակել լրահոսը
image
A A
Պաշտոնական

Ռազմական պատմության իմացությամբ առաջինը Ռուսաստանի թիմն էր. նրան հաջորդում է Հայաստանը

Հայաստանում շարունակվում է «Միջազգային բանակային խաղեր-2021» մրցաշարի շրջանակում անցկացվող «Խաղաղության մարտիկ» մրցույթը` հայտնում է Պաշտպանության նախարարությունը:

Մասնակիցները մրցում են ուժի, ճարպկության, արագության և դիպուկության ցուցադրմամբ: Մրցութային հանձնաժողովը գնահատում է նաև զինված ուժերի գործունեությանն առնչվող հարակից թեմաների, պատմության իմացությունը:

ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանում կայացել է ռազմապատմագիտական գիտելիքների ստուգման «Էրուդիտ» մրցաձևը: Այն անցկացվել է թեստավորման ձևաչափով` ռուսերեն և անգլերեն լեզուներով: Յուրաքանչյուր թեստում եղել է 20 հարց` առավելապես Հայրենական մեծ պատերազմի, միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ:

Այստեղ նույնպես լուրջ մրցակցություն է ծավալվել: Ռազմական պատմության իմացությամբ մյուս մասնակիցներին գերազանցել է Ռուսաստանի թիմը: Երկրորդ տեղում Հայաստանն է, Բելառուսը երրորդն է:

Թիմերի անդամները շրջել են «Մայր Հայաստան» թանգարանում, ծանոթացել Հայրենական Մեծ պատերազմի ուշագրավ դրվագների ու հաղթանակների մասին պատմող, Արցախյան ազատամարտի հերոսական էջերը ներկայացնող ցուցանմուշներին: Նրանք ծաղիկներ են խոնարհել Անհայտ զինվորի հուշահամալիրի անմար կրակի մոտ: