Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀՀԿ-ական նախարարներն էլ չեն մտնում գրասենյակ»

Մարզեր
ef4b3da95881174895179bd5f117d68c

Ոչ պաշտոնական այցով Սյունիքում գտնվող ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը Կապանում եւ Գորիսում հանդիպել Է Հայաստանի Հանրապետական կուսակցության մարզային կառույցի ակտիվիստների հետ:

Սյունիքի մարզկենտրոնի Ալ.Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում կայացած կուսակցական հանդիպմանը մասնակցեցին նաև Ագարակի, Մեղրիի ու Քաջարանի ՀՀԿ ակտիվիստները:

Մինչ կուսակիցների հետ զրույց սկսելը` նախարարը անդրադառնալով այս տարվա ցուցանիշներին` ասաց, որ դրանք համեմատաբար գոհացուցիչ են, եւ հավանաբար տարվա վերջում կունենանք 3-4% տնտեսական աճ:

Եթե գյուղատնտեսությունը անբարենպաստ եղանակներից չտուժեր, ապա տնտեսական աճը անհամեմատ բարձր կլիներ: Տիգրան Դավթյանը, խոսելով 2011թ. պետբյուջեի նախագծի մասին, ասաց, որ նախատեսված է ավելացնել մշակույթի աշխատողների, որոշ չափով նաեւ պետական կառավարման համակարգի աշխատողների աշխատավարձերը:

Երկրի տնտեսական աճի գործում հանրապետական նախարարը կարևորեց կուսակցության դերը:

«ՀՀԿ-ն այն քաղաքական ուժն է, որը մեր երկրում առավել կազմակերպված, առավել կայուն, մեծ ռեսուրսներ եւ հնարավորություններ ունի, առանց որի ակտիվ գործունեության եւ աջակցության կառավարության համար շատ դժվար կլինի: Ես համոզված եմ, որ այդ աջակցությունը, օգնությունը եւ վստահությունը կա, եւ համոզված եմ` միասին հստակ քայլերով կարող ենք առաջ գնալ` չնայած բոլոր դժվարություններին»,-ասաց նախարարը:

Պատասխանելով հարցերին` Տիգրան Դավթյանն անդրադարձավ դպրոցաշինական աշխատանքներին, ներքին աուդիտի հետ կապված խնդիրներին, մի քանի հարկատեսակների մասին օրենքներին, Մեղրու պոմպակայանների նորոգման համար գումարների նախատեսմանը եւ այլն: Միայն Կապանի թիվ 3 դպրոցի տնօրեն Ռիտա Դավթյանը որպես երկարամյա հանրապետական, իր իսկ խոսքով` «փորձեց քննադատել հարազատ կուսակցությանը»:

Ըստ Ռիտա Դավթյանի` Աշոտ Նավասարդյանը, Վազգեն Սարգսյանը, Անդրանիկ Մարգարյանը ամեն անգամ մարզ գալիս մտնում էին կուսակցության գրասենյակ, զրուցում շարքային կուսակիցների հետ, հետաքրքրում նրանց հոգսերով:

«Մեկ առ մեկ ճանաչում էին բոլորիս: Հիմա նույնիսկ հանրապետական նախարարները չեն մտնում գրասենյակ: Ինչո՞ւ է այդպես, ես կարծում եմ, որ այդ պատճառով է, որ մարդիկ չեն ցանկանում դառնալ հանրապետական» ,-ասաց Ռիտա Դավթյանը:

Սակայն կուսակցության մարզային լիդերները նշեցին, որ միայն վերջին մեկ տարում 100 մարդ է ընդունվել Կապանի տարածքային կազմակերպություն: Իսկ նախարարն էլ ասաց, որ էլի կիսում են կուսակիցների հոգսերը, բայց հիմա հանդիպումների ձևաչափն է փոխվել:


Արմեն Դավթյան, Կապանի «Սոսի» Հ/Ը