Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բնակարանային համալիր՝ Կապանում

Մարզեր
36c8071559efd8937ca400379859c99c

«ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի կողմից իրականացվող «Աջակցություն երիտասարդ ընտանիքների բնակարանաշինությանը» ծրագրի շրջանակներում Կապանում կկառուցվի բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքային համալիր։ Ըստ կազմակերպության նախագահ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանի` առայժմ նախատեսվում է կառուցել համալիրի երեք շենքերից մեկը` բաղկացած երկու, երեք եւ չորս սենյականոց 96 բնակարանից։ Այդ բնակարանները շուկայականից անհամեմատ ցածր գներով կտրամադրվեն սյունեցի երիտասարդներին եւ երիտասարդ ընտանիքներին: Համալիրը կառուցվելու է Գրիգոր Արզումանյան փողոցում` նախկին քաղաքային ջրավազանի տեղում։ Տարածքը 14 մլն դրամով կազմակերպությունը գնել է Կապանի քաղաքապետարանից։

Հոկտեմբերի 15-ին Սերժ Սարգսյանի մասնակցությամբ կկայանա առաջին շենքի հիմնարկեքը: Կապանի նորակառույց բնակելին կունենա 9 բալ սեյսմակայունություն, կլինի գազաֆիկացված, կունենա նաեւ ստորգետնյա ավտոկայանատեղեր` նախատեսված 150 մեքենայի համար: Շենքի ողջ տարածքը բարեկարգվելու է, կառուցվելու են խաղահրապարակներ, հանգստի կանաչ գոտիներ: Շենքի տանիքն ունենալու է աշտարակաձեւ ճարտարապետական լուծում, որի վրա տեղադրվելու է քաղաքային նշանակության ժամացույց, ինչը չունի Կապանը: Նորակառույց համալիրում բնակարան ձեռք բերելու համար արդեն դիմել է 260 քաղաքացի` մարզի տարբեր տարածաշրջաններից: Քանի որ շահառուների թիվը գերազանցում է բնակարանների թվին, առաջին նորակառույցի բնակարանի սեփականատերերը կորոշվեն վիճակահանությամբ: Դիմումների ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 5-ն էր։ Սակայն ինչպես այսօր հեռախոսով տեղեկացրեց Արսեն Քարամյանը, ցանկացողները շատ են ու հնարավոր է, մի քանի օր երկարացվի դիմումների ընդունումը։

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, ով Կապան էր եկել կուսակից` ՀՀԿ-ական ընկերների հետ հանդիպելու նպատակով, ասաց, որ մարզերի համար հատուկ քաղաքականություն է մշակվելու, ու վերանայվելու են թե՛ կանխավճարները, թե՛ տոկոսադրույքները՝ քաջալերելով բնակարան ձեռք բերելու երիտասարդների ցանկությունը։

Արմեն Դավթյան,
Կապանի «Սոսի» Հ/Ը