Արմեն Չարչյանն ինքնակամ ներկայացավ «Վարդաշեն» կալանավայր (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանը Վերաքննիչ քրեական դատարանի՝ իրեն կրկին կալանավորելու դատախազության բողոքը բավարարելը անհիմն է համարում:
Ժամանելով՝ «Վարդաշեն» ՔԿՀ՝ Չարչյանը լրագրողների հետ զրույցում վստահություն հայտնեց, որ ի վերջո արդարադատությունը կհաղթի, քանի որ դատախազության ներկայացրած երկու հիմքերն էլ այլևս գոյություն չունեն:
«Չեմ ցանկանում որևէ բան որակել, քանի որ իրավական գործընթաց կա, երբ այն կավարտվի, այդ ժամանակ ես ամեն ինչ կասեմ: Հարկ եմ համարում նշել, որ այն երկու հիմքը, որոնցով դատախազն ինձ կալանք է առաջադրել, արդեն չկան: Մեկն այն է, որ ես այլևս «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրենը չեմ և ես Ազգային ժողովի պատգամավոր եմ, ում ապօրինաբար ցանկանում են զրկել ազատությունից: Երկրորդ հիմքն էլ այն է, որ ես կարող էի ազդել վկաների ցուցմունքների վրա, բայց դրանք արդեն տրվել են: Այս ամենի հետ մեկտեղ, դատախազը նաև նշել է, որ իրենք հիմք չեն համարելու այդ ցուցմունքները և հիմք են համարելու տարածված ձայնագրությունը: Այդ դեպքում ի՞նչ հիմքով է դատավորն ինձ կալանավորելու որոշում կայացրել»,- նշեց Չարչյանը:
Վերջինիս համար կալանքի որոշումը սպասելի էր՝ հաշվի առնելով այն, որ ի սկզբանե գործը ոչնչի վրա է կառուցված եղել ու որ ինքը «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ է:
Պաշտպան Էրիկ Ալեքսանյանը հայտնեց, որ սա քաղաքական հետապնդում է և Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու որևէ հիմք չկա:
«Այն հիմքերը, որոնք ներկայացվել են, այժմ չկան: Այս որոշումն ապօրինի է: Մենք պայքարելու ենք իրավական դաշտում ու մինչև վերջ: Պարոն Չարչյանն ազատության մեջ է գտնվելու, արդարադատությունը վերականգնվելու է»,- շեշտեց պաշտպանը: