Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ազգային մոլից արտադրողները մոտ 5 ամիս անց կարողացան հանել իրենց ապրանքները (տեսանյութ)

Ազգային մոլից այսօր արտադրողները կարողացան դուրս բերել շուրջ 5 ամիս այնտեղ մնացած ապրանքները։ Ազգային մոլի բակում մարդիկ այնքան էլ շատ չէին, նրանք մուտքի մոտ սպասում էին իրենց հերթին։ Ներսում թղթերը լրացնում էր գործով զբաղվող քննիչը, որը «Ա1+»-ի նկարահանող խմբին թույլ չտվել ներս մտնել ու ամբողջ գործընթացը նկարահանել։ Նա նշեց, որ եթե նկարահանում ենք իրականացնում, պետք է դուրս գանք Ազգային մոլի տարածքից։

Մինչ այդ հաջողվեց խոսել իր ապրանքի հետևից եկած Համասփյուռ Ապիկյանի հետ։ Վերջինս նշեց, որ իրենք հայ արտադրողներից հուշանվերներ են վերցնում ու ներկայացնում։ Ազգային մոլի հետ պայմանագիր էին կնքել փետրվարին, մոտ 3 շաբաթ անց նրանց զանգահարել ու ասել էին, որ Թբիլիսյան խճուղուց մոլը տեղափոխում են Մ․ Խորենացի փողոց։

«Բնականաբար տարաձայնություններ եղան, որովհետև մենք ասացինք՝ Խորենացի չենք ուզում, պայմանագիրը կքնվել է այստեղ ու մենք երեք ամսվա վարձակալության գումարը վճարել ենք այստեղի համար։ Ասացինք, որ վճարեն մեր վարձակալության մնացած գումարը։ Անցավ մոտ մեկ ամիս, ամեն անգամ խաբվելով՝ հասանք այս կարգավիճակին», - ասաց նա։

Համասփյուռ Ապիկյանի խոսքով՝ այդ ժամանակ եկել են իրենց ապրանքի հետևից, քանի որ ստենդը մոլն էր տեղափոխել Խորենացի, որի մասին պատահաբար են իմացել, սակայն դռներն արդեն փակված են եղել։

«Ազգային մոլի տարբեր աշխատողների հետ կապ ենք ունեցել, ամեն անգամ ինչ-որ նոր տնօրեն էր ի հայտ գալիս, նոր պատասխանատու։ Կոպիտ ենք խոսել, կիրթ ենք խոսել, հասկանալով ենք խոսել։ Բայց հիմա շատ ավելի լուրջ քայլեր ենք ձեռնարկում՝ բնականաբար, դատական, քննչական և այլն»,- ասաց նա։

Համասփյուռը Ազգային մոլից ապրանքները հանելու մասին իմացել է ֆեյսբուքյան իրենց խմբից՝ Ազգային մոլի տուժածներ, կապվել է քննիչը հետ ու եկել։ Նա վստահ է նաև, որ պակաս ապրանքներ կլինեն։

Նա նշեց, որ սնունդ արտադրող մարդիկ կան, որոնք ասում են՝ իմաստ չկա ապրանքը վերցնելու, քանի որ արդեն ժամկետն անց է ու փչացած։ Մոլի մոտ մի արտադրող էլ, որ չցանկացավ տեսախցիկի առաջ խոսել, նշեց, որ մեծաքանակ պայուսակներ ունի մոլում, որոնք վստահաբար վնասված կլինեն, քանի որ ամբողջը միասին սեղմած դրել են երկու փոքր պահարանի մեջ։