Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+tevanyan
A A
Սպորտ

Տոկիո-2020. Ազատ ոճային Վազգեն Թևանյանը չհաղթահարեց առաջին արգելքը, բայց մեդալի հույս դեռ կա

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Վազգեն Թևանյանը չկարողացավ հաղթահարել Տոկիոյի օլիմպիական խաղերի որակավորման առաջին արգելքը և դուրս մնաց չեմպիոնական պայքարից:

 

Մեր 65 կգ քաշային մարզիկի մրցակիցը 1/8 եզրափակիչում աշխարհի չեմպիոն, ռուսաստանցի Հաջիմուրադ Ռաշիդովն էր: Առաջին մրցափուլում վերջինը մեկ միավոր վաստակեց, իսկ երկրորդում` հինգ: Այդպիսով, Վազգեն Թևանյանը չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ փորձառու մրցակցին և պարտություն կրեց 0:6 հաշվով:

 

Հաջիմուրադ Ռաշիդովը հաղթեց նաև քառորդ եզրափակիչ մարտում և մտավ կիսաեզրափակիչ: Եթե նա տանի նաև երրորդ անընդմեջ հաղթանակը և մտնի եզրափակիչ, ապա Վազգեն Թևանյանը վաղը սփոփիչ մենամարտ կանցկացնի Լեհաստանը ներկայացնող ըմբիշ Մոգոմեդմուրադ Գաջիևի հետ: Հակառակ դեպքում մեր ըմբիշը դուրս կմնա նաև 3-րդ տեղի համար պայքարից: