A
A
Միակ դեպքը չէ, որ բժիշկը ՄԻԱՎ ունեցողին ասում է՝ «Գնացեք ձեր նմանների հիվանդանոց»
Աջակցիր «Ա1+»-ինԽտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիայի հայտարարությունը
Մարդու իմունային անբավարարության վիրուսը կամ ՄԻԱՎ-ը վիրուս է, որն առաջացնում է ՄԻԱՎ վարակ հիվանդությունը: ՄԻԱՎ վարակը երկարատև ընթացքով քրոնիկ վարակիչ հիվանդություն է, որի դեպքում հնարավորինս շուտ մեկնարկած բուժումը (ՀՌՎ) խիստ կարևոր է առողջության ու կյանքի որակի առումով։ Բուժման պայմաններում վիրուսը ճնշվում է, ինչը հնարավորություն է տալիս ապրել մարդուն այնքան, որքան կապրեր առանց վիրուսի։
ՄԻԱՎ-ով ապրող մարդուն առողջապահական ծառայություններից զրկելը, նրան այդ հիմքով խտրականության ենթարկելն արգելված է օրենքով։
Մարդու իրավունքների միջազգային և տարածաշրջանային չափորոշիչներից են պացիենտի՝ խտրականության չենթարկվելու և օրենքով հավասարապես պաշտպանված լինելու, ինչպես նաև առողջության հնարավորինս բարձր ստանդարտից օգտվելու իրավունքները։
ՄԻԱՎ-ից առաջացած հիվանդության կանխարգելման մասին ՀՀ օրենքը ևս նախատեսում է ՄԻԱՎ-ով ապրող անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության երաշխիքներ, մասնավորապես այն, որ «անձի ՄԻԱՎ-ով վարակված լինելու փաստը չի կարող հիմք հանդիսանալ նրա իրավունքների և ազատությունների սահմանափակման համար` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի»:
Երեկ Հավասարության կոալիցիայի անդամներից Իրական աշխարհ, իրական մարդիկ ՀԿ-ի կողմից բարձրաձայնված դեպքը վկայում է այն մասին, որ Հայաստանում ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ դեռևս ենթարկվում են խտրականության և անհավասար վերաբերմունքի՝ այդ թվում առողջապահության համակարգում, ուր նրանց նկատմամբ խտրականությունը կարող է հանգեցնել անշրջելի հետևանքների։
Հիշեցնենք, որ Քանաքեռ-Զեյթուն Բժշկական Կենտրոն-ում՝ նյարդաբանական բաժնում, երեկ միայն Առողջապահության նախարարության միջամտությունից հետո են ընդունել ՄԻԱՎ-ով ապրող մարդուն և տրամադրել բժշկական ծառայություն։
Բժիշկը պացիենտին ասել էր «Գնացեք ձեր նմանների հիվանդանոց»։
Իրական աշխարհ, իրական մարդիկ ՀԿ-ից հայտնել են, որ պացիենտը գտնվում էր առողջական ծանր վիճակում, ունի գլխուղեղի ախտահարում և այդ նույն բժշկի ցուցմամբ տարին մեկ անգամ պետք է անցնի վերականգնողական բուժում։