Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Ստեփանակերտի համար 10 հիմնական դպրոցի վերանորոգումը կիրականացվի ավելի սեղմ ժամկետում

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ օգոստոսի 4-ին կազմակերպվել է աշխատանքային հանդիպում՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Ստեփանակերտի համար 10հիմնական դպրոցի վերանորոգման ընթացքը քննարկելու նպատակով:

Հրավիրված էին պետնախարար Արտակ Բեգլարյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերի նախարար Լուսինե Ղարախանյանը, քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, ԱՀ նախագահի խորհրդական Արմեն Սարգսյանը, դպրոցի տնօրեն Անահիտ Հակոբյանը: Կրթօջախի սեյսմակայունության բարձրացման անհրաժեշտությունը ծագել էր դեռ մինչև պատերազմը: 2018 թվականին հանրապետական սեյսմիկ կայանի եզրակացության հիման վրա նախագիծ էր մշակվել, համաձայն որի պիտի իրականացվեին կրող պատերի ու միջհարկային ծածկերի ամրացման աշխատանքներ: Նախատեսվում էր նաև ընդհանուր վերանորոգում:

Ծրագրի արժեքը 2018 թվականի գներով շուրջ 2 մլրդ 61 մլն դրամ էր: Քննարկման արդյունքում առաջարկվել է վերանայել նախնական նախագիծը, ինչը թույլ կտա հրաժարվել ավելորդ ծախսերից ու առավել սեղմ ժամկետներում իրականացնել շենքի վերանորոգումը: Աշխատանքները նախատեսվում է իրականացնել փուլերով՝ ըստ առանձին մասնաշենքերի, ինչը հնարավորություն կտա չխաթարել ուսումնական գործընթացը: Շինարարությունը լրիվությամբ կավարտվի 2022 թվականի ամռանը: ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

 

Հիշեցնենք, որ պատերազմից տուժած այս դպրոցի մասին Ա1+-ը ռեպորտաժ էր պատրաստել, որը կարող եք դիտել այստեղ։