Բացել լրահոսը Փակել լրահոսը
դատախազության շենք
A A
Պաշտոնական

Համայնքային հողամասերը ենթավարձակալության հանձնելու միջոցով Ձորաշեն համայնքին 14մլն դրամի վնաս է պատճառել

ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Շիրակի մարզի Ձորաշեն համայնքի նախկին ղեկավար Գ.Ս.-ն, պաշտոնավարման ընթացքում նախապես տեղեկացված լինելով համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքներում հեռահաղորդակցության երկու օպերատոր ընկերության կողմից ալեհավաք կայաններ տեղադրելու, շահագործելու մտադրության մասին, համայնքային սեփականության հողամասերի օգտագործման հաշվին իր ընտանիքի համար լրացուցիչ եկամուտներ ապահովելու շահադիտական դրդումներից ելնելով, անտեսելով սակարկություններին աճուրդավարի երեխաների, ծնողների, ամուսնու մասնակցությունը բացառելու օրենսդրական պահանջը, 2006թ. հուլիսի 17-ին և 2007թ. մայիսի 21-ին գլխավորել է աճուրդային հանձնաժողովները և կազմակերպել ու անցկացրել է համայնքային սեփականություն հանդիսացող 2 տարբեր հողամաս վարձակալությամբ հանձնելու վերաբերյալ ձևական աճուրդներ:

Ապա հաստատել է մրցույթների արդյունքներն արտացոլող արձանագրությունները՝ դրանցում նախապես կեղծելով մրցութային հանձնաժողովների չորս անդամների ստորագրությունները, և երկու մրցույթում էլ հաղթող է ճանաչել իր կնոջը: Արդյունքում 2006թ. օգոստոսի 21-ին և 2007թ. մայիսի 29-ին վերջինիս հետ Գ.Ս.-ն կնքել է առաջինի պարագայում գյուղատնտեսական նշանակության 1 հա մակերեսով հողամասը տարեկան 4540 ՀՀ դրամ վարձավճարով, իսկ երկրորդի դեպքում՝ 1.58հա մակերեսով հողամասը տարեկան 7450 ՀՀ դրամ վարձավճարով 25 տարի ժամկետով, գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով վարձակալության հանձնելու մասին պայմանագրեր:

Այնուհետև, կարճ ժամանակ անց, կնոջ անվամբ հողամասերից մեկը 2006թ. օգոստոսին տարեկան 480.000 ՀՀ դրամ վարձավճարի դիմաց, իսկ մյուսը՝ 2007թ. հուլիսին ամսական 85.000 ՀՀ դրամ վարձավճարով վարձակալության է հանձնել հեռահաղորդակցության երկու տարբեր օպերատոր ընկերությունների, որոնց արդյունքում մինչև 2016թ. հոկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում ընդհանուր ստացել է ավելի քան 14 մլն ՀՀ դրամ վարձավճարի տեսքով շահույթ՝ համայնքին զրկելով այդ չափով եկամուտ ստանալու հնարավորությունից: Վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար Ձորաշեն համայնքի նախկին ղեկավար Գ.Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով /2 դրվագ/: Նախաքննության ընթացքում վերջինիս կողմից ներկայացվել են 3.100.000 ՀՀ դրամի չափով պատճառված վնասի վերականգման վճարման անդորրագրեր: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, դրա օրիանականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործի հետ ուղարկել ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննության առնելու համար։

Գլխավոր դատախազություն