Ծանրորդը կվիրահատվի Մոսկվայում
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը բավական տպավորված է վերադարձել Անթալիայում կայացած աշխարհի առաջնությունից:
«Չեմ կարող բառերով նկարագրել այն ապրումները, որ զգացինք Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանի չեմպիոն դառնալուց հետո: Մեր ծանրորդների ելույթը առաջնությունում գնահատում եմ գերազանց, չհաշված թերությունները, մասնավորապես Արա Խաչատրյանի ստացած ծանր վնասվածքը: Մենք աշխարհի չեմպիոն ունենք, դրանով արդեն իսկ ամեն ինչ ասված է»,-ասաց նա:
Սամվել Խաչատրյանը միաժամանակ նշեց, որ դժգոհ է Տիգրան Վ. Մարտիրոսյանի եւ Գեւորգ Դավթյանի ելույթներից. «Նրանք բոլոր տղաների նման մասնակցել են 6 ուսումնամարզական հավաքներին, օգտվել լրիվ արտոնություններից, սակայն առաջնությունում այնպես ելույթ ունեցան, կարծես մարզման էին դուրս եկել: Երկուսն էլ առայժմ հավաքական չեն հրավիրվի, քանի դեռ լավ արդյունքներ ցույց չեն տա Հայաստանի առաջնությունում»:
Մամուլի ասուլիսին մասնակցեցին նաեւ ծարորդներ Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանը եւ Արա Խաչատրյանը: Աշխարհի նորընծա չեմպիոնը ասաց, որ կատարվեց իր առաջին երազանքը, իսկ երկրորդը` օլիմպիական չեմպիոն դառնալն է:
Արա Խաչատրյանը, խոսելով իր ստացած վնասվածքի մասին ասաց, որ այդ պահին պարզապես չէր զգացել ծանրաձողը, քանի որ այն բավական «թեթեւ» էր թվացել: «Այժմ ցավեր ընդհանրապես չեմ զգում: Շուտով մեկնելու եմ Մոսկվա` վիրահատվելու: Հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կլինի եւ մյուս տարի արդեն կկարողանամ դառնալ աշխարհի լիարժեք չեմպիոն»: