Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բանանցը» հաղթեց «Միկային»

Սպորտ
96c59db7117dbe83ac5bbafc16396591

Երեւանի «Բանանցը» ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 22-րդ տուրում անչափ սկզբունքային խաղում 2:1 հաշվով հաղթեց «Միկային» եւ պահպանեց իր տեղն առաջին հորիզոնականում:

Առաջին խաղակեսում դաշտի տերերի բրազիլացի հարձակվող Օրտեգայի խփած գոլին հյուրերը պատասխանեցին Նարեկ Բեգլարյանի դիպուկ հարվածով: Սակայն պետք է փաստել, որ արդեն հանդիպման 2-րդ րոպեին «Բանանցի» հարձակվող Սամվել Մելքոնյանը չկարողացավ իրացնել 11 մ հարվածը:

Խաղի ելքը վճռվեց հանդիպման վերջին րոպեին, երբ դաշտի տերերը երկրորդ անգամ 11 մ հարվածի իրավունք ստացան, եւ թիմի ավագ Արթուր Ոսկանյանը վստահ իրացրեց այն:

Զարմանալի չէ, որ խաղից հետո կազմակերպված մամուլի ասուլիսին «Միկայի» գլխավոր մարզիչը շատ կարճ մեկնաբանեց խաղը. «Շնորհավորում եմ «Բանանցին»: Իմ տղաների խաղից շատ գոհ եմ: Մենք այսօր արժանի չէինք պարտության»:

Իսկ ահա «Բանանցի» մակեդոնացի գլխավոր մարզիչը ասաց, որ իր թիմն արժանի էր հաղթանակի. «Շատ դժվար խաղ ստացվեց: Այսօր մեր համար կարեւորը հաղթանակն էր, որպեսզի չեմպիոնության համար մրցապայքարում պահպանեինք 3 միավորի առավելությունը «Փյունիկի» հանդեպ: Առաջին տեղում մնալու համար մենք պետք է էլ ավելի լավ խաղանք մնացած հանդիպումներում, քանի որ բոլոր թիմերը մեր դեմ 200 տոկոս նվիրվածությամբ են խաղում»: