Բացել լրահոսը Փակել լրահոսը
F51E8640-7A1D-4CC0-8C39-30BB5D3B0DD7_w1080_h608_s
A A
Քաղաքականություն

Սոթքի հանքի աշխատակիցներին տարհանել են․ կրակոցներից հետո նոր  վերադարձել են աշխատավայր

Գեղարքունիքի մարզում կրակոցները գիշերն այնքան մտահոգիչ են եղել, որ Սոթքի հանքի աշխատակիցներին տուն են ուղարկել։

Հանքը շահագործող  «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ հայաստանյան պաշտոնական  ներկայացուցիչ  Ռուզաննա Գրիգորյանը  «Ա1+»-ի հետ զրույցում  նշեց, որ գիշերը  կրակոցներ են  հնչել․ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումներն անկանոն կրակել  են, և իրենք, անվտանգության նկատառումներով, ստիպված են եղել տարհանել հերթապահող 150 աշխատակցի։

Տուժածներ չկան, աշխատակիցներն առավոտյան ժամը 8-ից վերադարձել են իրենց բնականոն աշխատանքին։  Հանքում աշխատում է ավելի քան 1600 մարդ։

Այլ մանրամասներ չկարողացանք պարզել, քանի որ Գեղամասարի համայնքի (կենտրոն՝ Սոթք) ղեկավար Հակոբ Ավետյանի հեռախոսահամարներն անհասանելի էին, Գեղարքունիքի մարզպետն ու փոխմարզպետը տեղում չէին, իսկ մարզպետարանից մեզ ուղղորդեցին տեղեկություն ստանալ կառույցի ՏԻՄ վարչության պետ Վանիկ Հարությունյանից։  Վերջինս վստահեցրեց՝  ընդհանրապես տեղյակ չէ գիշերը Սոթքում տեղի ունեցածից և զարմացած է՝ մեզանից տեղեկանալով այդ մասին։

Հիշեցնենք, որ ՊՆ-ն քիչ առաջ հաղորդագրություն է տարածել, որ հուլիսի 26-ին, ժամը 03:30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ 

Հայկական կողմից տուժածներ չկան։