Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը կխաղա Ադրբեջանի հետ

Սպորտ
9d7f219c2a00817a6f4c58fb480f41e2

Այն, որ Հայաստանի տղամարդկանց հավաքականը շախմատի համաշխարհային օլիմպիադայում վաղ թե ուշ հանդիպելու էր Ադրբեջանի ընտրանու հետ, կասկած չէր հարուցում, քանի որ մեր արեւելյան հարեւանները նույնպես դասվում են ֆավորիտների թվին: Այդ տեղի կունենա այսօր 7-րդ տուրի շրջանակում:

Ադրբեջանի հավաքականը երեկ անսպասելի հաղթեց Հնդկաստանի ուժեղ թիմին` 3:1, եւ վաստակելով 10 միավոր, ընդհուպ մոտեցավ օլիմպիադայի երեք առաջատարներին` Հայաստանին, Վրաստանին եւ Ուկրաինային, որոնք իրենց ակտիվում ունեն 11-ական միավոր: Համակարգչի հաշվարկով մեր հավաքականին մրցակից բաժին հասավ Ադրբեջանի ընտրանին, չնայած 10-ական միավոր են վաստակել եւս 5 թիմեր: Ուկրաինացիները կմրցեն վրացիների հետ:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը, ինչպես նախորդ տուրի Վրաստանի ընտրանու հետ հանդիպմանը, հանդես կգա նույն կազմով. Լեւոն Արոնյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Արման Փաշիկյան:

Հայաստանի կանանց հավաքականը, որը 9 միավորով զբաղեցնում է 7-րդ տեղը, այս տուրում կհանդիպի 6-րդ հորիզոնականում գտնվող ԱՄՆ-ի թիմի հետ, որի կազմում հանդես է գալիս հայազգի շախմատիստուհի Տաթեւ Աբրահամյանը: Վերջինիս հետ ուժերը կչափի Լիլիթ Գալոյանը: Մնացած երեք խաղատախտակներին հանդես կգան Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը եւ Նելլի Աղինյանը: