«Փյունիկը» հավասարվեց «Բանանցին»
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 22-րդ տուրում Երեւանի «Փյունիկը» սեփական հարկի տակ 5:0 խոշոր հաշվով հաղթեց Գյումրիի «Շիրակին» եւ վաստակած միավորներով (49) հավասարվեց մրցաշարի առաջատար Երեւանի «Բանանցին»: Փյունիկցիների կազմում հատկապես աչքի ընկավ հարձակվող Գեւորգ Ղազարյանը, որը հեթ-տրիկի հեղինակ դարձավ եւ իր խփած գոլերի ընդհանուր քանակը հասցրեց 15-ի:
Խաղից հետո «Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն ասաց, որ առաջին խաղակեսում թիմը սխալ ֆուտբոլ էր խաղում, իսկ ընդմիջմանը կատարված տակտիկական փոփոխությունից հետո ամեն ինչ իր տեղն ընկավ: Իսկ ահա «Շիրակի» նրա գործընկեր Վարդան Բիչախչյանը նշեց, որ մրցակիցը պայքարում է չեմպիոնության համար, ուստի միավոր կորցնելու իրավունք չուներ:
Նշենք, որ վաղը տեղի կունենա այս տուրի վերջին հանդիպումը. աղյուսակը գլխավորող «Բանանցը» սեփական հարկի տակ կընդունի մրցանակային 3-րդ տեղի համար պայքարող «Միկային»: