Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Քննարկվել է գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի ընթացքը (տեսանյութ)

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող զարգացման ծրագրերի ընթացքը:

Խորհրդակցության սկզբում Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Խոսքը գյուղացիական տնտեսություններին ֆինանսական աջակցություն ցուցաբերելուն միտված ծրագրերի մասին է, որոնց բովանդակության հիմքում այդ տնտեսությունների զարգացումն է: Կփորձենք հասկանալ, թե ինչքանով են ծրագրերն աշխատում և ինչ պիտի անենք, որպեսզի դրանք հասցեական, հասանելի, արդունավետ դարձնենք՝ գյուղատնտեսության ոլորտի զարգացման իմաստով»:

Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը մանրամասներ է ներկայացրել ծրագրերի ընթացքի վերաբերյալ: Մասնավորապես, փոխնախարարը զեկուցել է, որ պտուղ-բանջարեղենային պահածոների և մրգահյութերի արտադրությունն ընթացիկ տարում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 59 տոկոսով: Արդեն իսկ արտահանվել է 116 հազար 930 տոննա պտուղ- բանջարեղեն:

Այս ցուցանիշը 2020-ի նույն ժամանակշրջանում պակաս է եղել 2 անգամ: Արման Խոջոյանը տեղեկացրել է, որ ընդհանուր առմամբ, գյուղատնտեսության ոլորտում գործում է զարգացման 14 ծրագիր, որոնց թվում են՝ լիզինգի, այգեգործության և ոռոգման, ապահովագրության, տոհմային անասնաբուծության/անասնապահության, հումքի մթերման, արտադրության և արտահանման, գինեգործության, սուբսիդավորվող վարկերի տրամադրման, աշնանացան ու գարնանացան ցորենի մշակման և այլն: Անդրադառնալով լիզինգի ծրագրին՝ փոխնախախարը նշել է, որ դրա կիրառումը լրացուցիչ ֆինանսական գործիք է նաև ֆինանսական շուկայում:

«Լիզինգի գործիքը տրամադրվում է գյուղատնտեսական տեխնիկայի և ագրովերամշակման սարքավորումների համար: Ծրագրի մեկնարկը և իրականացումը գնահատում ենք բավականին լավ, ցուցանիշները մեզ բավարարում են: Նաև ուրախալի է, որ լիզինգի գործիքի հաջող կիրառումը հնարավորություն է տալիս ստեղծել մասնագիտական ասոցիացիաներ, որոնց հետ համագործակցելով և օրենսդրական բարեփոխումների միջոցով կարողանում ենք ավելի նպատակային դարձնել ծրագիրը»,- ասել է Խոջոյանը՝ ավելացնելով, որ այս ծրագրով վերամշակման սարքավորումների համար նախատեսված սահմանաչափը 450 մլն դրամից բարձրացվել է մինչև 1մլրդ դրամի: