Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ Հասարակություն

Ադրբեջանական գերությունից փրկած գորգերը չգիտեն՝ մեկ ամիս անց որտեղ են պահելու

Շուշիից պատերազմի օրերին գիշերով «փախած» գորգերը ասես վայելում են երեւանյան արեւը։ 

 Ամիսներ շարունակ արեւի լույս  չտեսած  գորգերը, որոնցից ավագն   180 տարեկան է,  փռվել են Երեւանի կենտրոնում` Գարեգին Նժդեհի արձանի եւ Վերնիսաժի հարեւանությամբ եւ հինգ ժամ շարունակ դարձել հիացմունքի առարկա։

 Սրանք այն գորգերն են, որոնք չեն ցուցադրվում Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում:

Մասնավոր հավաքածուի տերը՝  Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանը, տեղեկացնում  է՝  այս գորգերը ժամանակավորապես պահվում էին  Պատմության թանգարանում՝ փաթաթված։

 Ու եթե  հիմա Շուշիում լինեին,  այնտեղ  կկազմակերպեին «Գորգերն արևին տալու» արարողությունը․ գորգերը  կփռեին արեւի տակ նախկինի պես, որ տարվա ընթացքում կուտակված խոնավությունը դուրս գար գործվածքից։

Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում դեռ շարունակվում է  եւ  եւս մեկ ամիս կտեւի  Շուշիի գորգերի թանգարանի  նմուշների  ցուցադրությունը։

Հետո ինչ են անելու, ուր են տեղափոխելու  գորգերը, Վարդան Ասծատրյանը չգիտի։

Ասում է՝  տարածք տրամադրելու խնդրանքով դիմել է եւ Հայաստանի, եւ Արցախի իշխանություններին։ Ոչ մի արձագանք։  Մինչդեռ, նրա խոսքով,  Շուշիի գորգերի թանգարանը միակն է, որ փրկվել է ու դարձել է  Ադրբեջանին բաժին հասած քաղաքին կապող օղակը, որը չպետք է կորցնել․ առավել եւս՝   գորգերից ամեն  մեկը մի պատմություն է գերի դարձած բնակավայրերից։ Շուշիի գորգերի թանգարանի առանձին պետք է լինի,-ասում է նա:

Հավաքածուն Վարդան Ասծատրյանը ստեղծել է տարիների ընթացքում` շրջելով գյուղ առ գյուղ եւ գնելով դրանք։ Ըստ նրա՝   գորգերը  արժեքավոր գրքեր են, որոնք կարդալ   սովորել է  տարիների ընթացքում։

Երեք երեխայի հայրը Երեւանում է տեսնում Շուշիի գորգերի թանգարանի ապագան։ Արցախում ներկայումս այդքան զբոսաշրջիկներ չեն լինում։  Տեղացիներն էլ տեսել են դրանք։

Արեւին տալու արարողությանը նրան ապացուցեց՝ ինչքան հետաքրքրություն կա արցախյան գորգերի նկատմամբ։  Որեւէ մեկն անտարբեր չէր անցնում․ զննում էին, լուսանկարում, նստում գորգերին՝ իրենք լուսանկարվում։

Վարդան Ասծատրյանը միայն ուրախանում էր.փոխարենը անցորդներն էին նկատողություն անում։ Իր ուրախությունը  հեռախոսով հասցրեց  նաեւ Ստեփանակերտում գտնվող  մանկության ընկերոջը, ով օգնել էր նրան պատերազմի օրերին՝ 2020թ․ հոկտեմբերի վերջին  Շուշիից գիշերով հանել գորգերը։

Ի դեպ, այսօր արեւին տված գորգերը Շուշիում թանգարանի ֆոնդային շենքում են պահված եղել։ «Ա1+»-ին  Վարդան Ասծատրյանը պատմեց, որ պատերազմից մեկ ամիս առաջ, չգիտես ինչու, մտքով անցել էր դրանք տեղափոխել թանգարանի շենք։

Եթե դրանք տեղափոխած չլիներ, այս 70 գորգերն էլ կհայտնվեին ադրբեջանական գերության մեջ, ինչպես ֆոնդային շենքում պահվող մյուս գորգերը։

160 գորգ են կարողացել գիշերով  հանել Շուշիից, որն Վարդան Աստածատրյանի հավաքածուի 2/3-ն է կազմում։  Ասում է՝  բարեբախտաբար, բոլոր արժեքավորները հանել են, ինչպես այդ 180 տարեկանը, որը Գյուլիստանում է գործվել։

«Գորգերն արևին տալու» արարողությունից տեսանյութը՝ ավելի ուշ։