Բացել լրահոսը Փակել լրահոսը
217462121_1018196239008138_819585636060700943_n
A A
Քաղաքականություն

«Ես կամուրջները չեմ այրում»․ Արցախի ԱԺ նախագահը հարցազրույց է տվել

Հուլիսի 13-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը «Ազատ Արցախ» հանրապետական թերթի նոր նախագծի շրջանակներում պատասխանել է թղթակցի հարցադրումներին։ Ստորև ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ

-Արթուր Բաբկենի, ի՞նչ է պաշտոնը Ձեզ համար։

- Ցանկացած մարդ, լինի պաշտոնյա, թե ոչ պաշտոնյա, մասնագետ, թե... առաջին հերթին պետք է ազնիվ լինի Աստծու առաջ, իսկ այն մարդկանց, կամ մարդուն ում վստահում է, երբեք չպիտի դավաճանի, նույնը և՝ չդավաճանի պաշտոնին։ Այո մենք ականատես ենք, որ որոշ պաշտոնյաներ` պաշտոն ստանալով, նույնիսկ քայլվածքն են փոխում։ Այդ գայթակղությանը շատերը չեն դիմանում, ուղղակի պիտի կարողանաս մնալ այնպիսին, ինչպիսին որ մինչև պաշտոն ստանալդ էիր։ Իսկ քո մասին խոսել, վկայել կարող են միայն բարի գործերդ ու լուռ նվիրումդ։

- Դուք կիսու՞մ եք այն կարծիքը, որ պաշտոնը որոշակի բարդույթներ է բերում իր հետ, և երկար պաշտոնավարող անձինք, առանց պաշտոնի չեն կարողանում իրենց տեղը գտնել այս կամ այն բնագավառում ու միջավայրում։

- Երկար տարիներ է, ինչ ես Արցախի քաղաքական դաշտում եմ, կային մարդիկ, որոնց մասին շատ մեծ կարծիքի էի, սակայն պաշտոնի բերումով շփվելով հիասթափություն ապրեցի։ Հակառակն էլ կա. Մարդիկ են եղել, որոնց ուշադրություն չեմ դարձրել, բայց երբ նրանք սկսել են պաշտոնավարել, իմ աչքի առաջ բացվել են,ուղղակի հիացմունք եմ ապրել նրանց բանիմացությունից ու մարդկային որակներից։

- Ինչպե՞ս կբնութագրեիք ինքներդ Ձեզ...

- Ասեմ. ես Ազգային ժողովում մի շարք պաշտոններ եմ զբաղեցրել... Ազգային ժողովի պատգամավորը նախարար չէ, որին կարող ես չիմացության համար հեռացնել, դու չես կարող ազատվել որևէ պատգամավորից, որովհետև նրանք ընտրված են ժողովրդի կողմից։ Ժամանակներ են եղել, երբ ես եղել եմ և՜ պատգամավոր, և՜ Արցախի պետական համալսարանի դեկան, կուսակցության գրասենյակի տնօրեն եմ եղել, թեթև ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ միաժամանակ: Մի առիթով նախկին պատգամավոր, ժողովրդական դերասան Ժաննա Գալստյանին ասել եմ՝ դերասանը դու չես, ես եմ դերասանը ու միանգամից 4 դեր եմ կատարում։ Պատգամավորը պետք է լինի մարդամոտ, մարդասեր, լսելու ունակության տեր, և եթե առ այսօր դժգոհություններ չկան, ուրեմն ես հանդուրժող եմ, իսկ իմ մնացած որակների մասին թող կողքից նայողներն ասեն, իսկ ընդհանրապես կարծում եմ, որ ես շատ բարի եմ։ Բարի եմ, բայց հանդուրժող չեմ, չեմ հանձնվում ոչ մի պարագայում, ես միշտ դիմադրում եմ։

- Եղե՞լ են դեպքեր, երբ ջղայնացել ու կոպտել եք ձեր ենթականներին, հետո զղջացել ու ներողություն եք խնդրել։ Թե մտքում ներել եք, բայց այդ մասին չեք բարձրաձայնել, մտածելով, որ դա Ձեր արժանապատվությունից ցածր է։

- Ժողովրդական առածն ասում է, որ չի կարելի որսի ժամանակ հույսը դնել տկար շան վրա... Կիսագրագետների վրա ես հույս չեմ դնում, մեր բոլոր խնդիրներն առաջանում են ոչ թե տգիտությունից, այլ կիսագրագիտությունից։ Ես նաև դասախոս եմ, ուսուցիչ եմ և լավ եմ տարբերակում գրագետին՝ կիսագրագետից, կիսագրագետին՝ տգետից։ Քննության ժամանակ ենք, չէ՞, պարզում լավագույններին, դա ինձ օգնում է նաև քաղաքականության մեջ։ Արցախ աշխարհում ոչ թե քաղաքական գործիչների քանակի պակաս կա, այլ որակի։ Ինչ վերաբերում է ներողություն խնդրելուն, ապա եթե ոչ գիտակցաբար ինչ-որ մեկին ցավ եմ պատճառել, եթե նա անգամ իմ թոռնիկն է, ապա պատրաստ եմ անհապաղ ներողություն խնդրել։ Քաղաքականության մեջ ինչքան էլ սուր հարցեր լինեն, ես անձից վերանում եմ ու անձի գործունեությունն եմ քննադատում։

- Պաշտոնավարման ընթացքում եղե՞լ են դեպքեր, երբ Ձեզ դավաճանել, կամ հիասթափեցրել են և Դուք առ այսօր դա մոռանալ չեք կարողանում։


- Ես ունեմ իմ քրեական օրենսգիրքը, օրինակ, եթե ես նեղանում եմ, կամ, ինչպես դուք եք ասում, ինձ դավաճանում են, իմ օրենսգրքի պատիժը 72 ժամ է, ինձ ճանաչողները գիտեն, որ 72 ժամ իրենք ՙ աքսորի՚ մեջ են ու ավելի լավ է 3 օր աչքիս չերևան։ Հետո արդեն, որ ուզենամ էլ, չեմ կարող չներել։

- Հասարակության մեջ ո՞րն է Ձեր առաքելությունը։

- Ես կամուրջները այրող մարդ չեմ, և կարծում եմ այսօր էլ նման առաքելությամբ եմ աչքի ընկնում, երբեք կամուրջները չեմ պայթեցրել այն մարդկանց միջև, որոնց հետ արժեր նույնիսկ կապեր խզել։ Ողջ գիտակցական կյանքում քաղաքական դաշտում ես սառույցներ եմ հալեցրել` ոչ միայն ինձ հետ մարդկանց փոխհարաբերություններում, այլև այլոց բարդ հարաբերություններում։ Մեր առաջնորդներին միշտ ասում եմ. ինչ էլ լինի, բարևի համար միշտ պետք է տեղ թողնել։ Շատ հեշտ է կամուրջը պայթեցնելը և շատ դժվար այն շինելը, դրա համար երկար ժամանակ է պահանջվում։

- Ձեր ո՞ր մարդկային հատկանիշն եք առավելություն համարում, և որը` թերություն։

- Բարությունը իմ գլխավոր թերությունն է... ԱԺ մի քանի գումարման պատգամավոր, իմ լավ ընկեր Հովիկ Ջիվանյանն ասում է՝ քո բարությունը երբեմն այնքան է անցնում կարմիր գիծը, որ չարիք է դառնում։ Իսկ առավելություններիս մասին թող ինձ ճանաչողներն ասեն։ Աշխատող մարդը չի կարող թերություններ չունենալ, թեկուզ անմեղ թերություններ։ Գիտակցված թերացումներին վատ եմ վերաբերում, իսկ չգիտակցվածը բոլորի համար էլ ներելի է։ Միշտ նողկացել եմ երկու ձեռքով բարևողներից, կեղծ ժպտացողներից, լավ եմ ընդունում առողջ քննադատությունը, սիրում եմ բանավիճել, բայց տանել չեմ կարողանում անիմաստ վեճերը։

- Ընտանիքը…

- Ընտանիքը իմ կյանքում... Այն ես կբաժանեի երկու մասի, առաջինը՝ 1986թ., երբ ես ամուսնացա, մինչև 2011թ. հունիսի 4 և 2011թ. հունիսի 4-ից առ այսօր։ Ասպիրանտական տարիներ, հետո քաղաքականություն, այնպես է ստացվել, որ ընտանիքիս շատ քիչ ժամանակ եմ հատկացրել, ինչի համար այսօր ցավ եմ ապրում։ Երբ ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարական եմ տվել որդիներս 9-ը և 10-ը տարեկան էին և սկսեցի ակտիվ շփվել նրանց հետ, տեսա, որ նրանք մորն ասում են՝ Արթուր Թովմասյանը տանն է, կամ տուն է եկել, ես ստիպված էի նրանց հասկացնել, որ Արթուր Թովմասյանն իրենց հայրն է, որն իր պարտականությունը չի կատարում զբաղվածության պատճառով։ Ինչ վերաբերվում է 2011թ. հունիսի 4-ին, ապա այդ օրը ես պապիկ դարձա, ծնվեց Արթուր Թովմասյան կրտսերը։ Այդ օրվան ես շատ էի սպասել և փոքրիկ Արթուրիկն ինձ ավելի շատ կապեց ընտանիքիս հետ։ Հիմա թոռնիկներս երեքն են և իմ քիչ ազատ ժամանակը նվիրում եմ նրանց։ Ընտանիքում մեծ դերակատարություն եմ վերապահում իմ տիկնոջը, որը լուռ ու մունջ տարել է Արթուր Թովմասյանի կին լինելու դժվարությունը, հատկապես մինչև 2011 թվականը։ Իմ բոլոր հաջողությունները պայմանավորված են նրա՝ ընտանիքին նվիրվածությամբ, ու ինձ սատարմամբ, չլիներ նրա աջակցությունը, ինձ համար, մեղմ ասած, դժվար կլիներ։

- Հայրենիքի ու հայրենասիրության Ձեր բանաձևը։

- Հայրենիքին ծառայելը պարտք է, հայրենիք պաշտպանելը` մասնագիտություն... Իմ բառապաշարում վաղուց հայրենասիրություն բառը չկա, ես այն փոխարինել եմ հայրենապաշտությամբ։ Այս պահի դրությամբ ինչքան մարդ է ապրում Արցախում, ինձ համար նրանք բոլորն էլ հայրենապաշտներ են։ Իսկ հայրենասերներն այն արցախցիներն են, որոնք գտնվում են Արցախի սահմաններից դուրս, բայց Արցախը չեն մոռանում և իրենց ներդրումներով ու բարեգործությամբ ձեռք են հասցնում, օգնում ու սատար կանգնում։ Ողջ հայությունն է կորցրել Արցախի երեք քառորդը, ամեն օր ես հանդիպում եմ մարդկանց, որոնք ինձ ասում են թե ինչե?ր են կորցրել, իսկ ես նրանց ասում եմ՝ ես հայրենիք եմ կորցրել, որտեղ քո այգիներն են ու մենք միասին հայրենիք ենք կորցրել։ Մենք պատերազմական դժվարությունները հաղթահարել ենք ընտանիքով, երկու որդիներով, եղբայրներով որոնք բոլորն էլ առաջնագծում էին... 13 օր իմ ավագ որդուց ոչ մի տեղեկություն չունեի, բայց իմ գործընկեր պատգամավորները չեն զգացել թե ինչ ապրումների մեջ եմ եղել ես։ Նոյեմբերի 10-ին, չարաբաստիկ հայտարարությունից մեկ օր անց, կինս զանգեց, թե մեքենան ուղարկիր գալիս ենք, իմ պատասխանը հետևյալն էր՝ ոչ մի մեքենա, ինչպես ժողովուրդը գալիս է, դուք էլ այդպես եկեք։ Մայրս Ստեփանակերտից տարհանվել էր նոյեմբերի 7-ին, այն էլ մի կերպ, չէր ուզում գնալ։ Նոյեմբեր ամսին ես ԱԺ ոչ մի նիստ չգումարեցի, որովհետև այն օրենքների նախագծերը, որոնք ԱԺ-ում էին, ոչ մեկը նոր իրողությանը չէր համապատասխանում։ 44-օրյա դժոխքից հետո մենք հայտնվել ենք խավարի մեջ, իսկ խավարին միշտ հաջորդում է լույսը։

- Դուք լա՞վ գիտեք Ձեր տոհմածառի պատմությունը, ո՞րտեղից են սերում Ձեր արմատները։

- Ճարտար, Խնուշինակ, Ստեփանակերտ, Քաշաթաղի շրջանի Ալիղուլի բնակավայր, ահա թե որտեղից են սերում իմ արմատները... Ինձ որդեգրել է հորաքույրս, ես 2 հայր ու 2 մայր եմ ունեցել, ես միշտ ասում եմ Աստված շռայլ է գտնվել իմ հանդեպ, 4 ծնողների սիրով ու հոգածությամբ եմ եղել շրջապատված, նրանցից յուրաքանչյուրն իմ կյանքում իր տեղն ու դերն է ունեցել։

- Աշխատանքից զատ ինչո՞վ եք զբաղվում, ի՞նչ նախասիրություններ ունեք, որոնք ամբողջ կյանքում Ձեր ուղեկիցն են։

- Ես մեծ ընկերական շրջապատ ունեմ... Միշտ էլ սիրել ու սիրում եմ ընկերներիս հետ հավաքվել մի բաժակ թեյի, սուրճի, կամ մի գավաթ գինու շուրջ։ Ես ընկերներիս շրջապատում ինձ հարմարավետ եմ զգում։ Ինձ համար սրբություններ են հայրենիքս, իմ գերդաստանը, ընկերներս, որոնց հետ աղուհաց եմ կիսում։ Սիրում եմ մեր ազգային-հայրենասիրական երգերը, դասականն էլ իմ հոգուն հարազատ է, սակայն ազգային-հայրենասիրական երգերի համար ուղղակի գժվում եմ։ Ուսանողական տարիների մեր քեֆերի ժամանակ միշտ «Անդրանիկ» ու «Ղարս» էինք երգում ընկերներով միաբան։ Շատ եմ սիրում թատրոնը, մեր ջահել օրերի թատրոնը, երբ տոմսի համար հերթ էինք կանգնում, նույն ներկայացումը 3-4 անգամ դիտելու էինք գնում։ Սիրում եմ ֆուտբոլ խաղալ ու դիտելն եմ սիրում։ Ես այնպիսին եմ, ինչպիսին է իմ ժողովրդի բացարձակ մեծամասնությունը։ Մարտին Լյութերն ասում է. «Բոլորն էլ կարող են հզոր լինել, եթե ցանկանում են ծառայել ժողովրդին»..
Ես էլ ծառայում եմ ժողովրդիս ու փորձում հզոր լինել։