Ջրի արտահոսքից առաստաղը փլուզվել է․ դուռը բացել են ու սարսափել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյս կադրերը նայելիս, թվում է, թե սա երկրաշարժի, կամ պայթյունի հետևանք է: Ամենևին: Կոմիտաս 49 շենքում գտնվող այս բնակարանի առաստաղը փլուզվել է վերևի բնակարանի վթարային խողովակներից ջրի արտահոսքի հետևանքով:
Տուժողը մոսկվաբնակ Մայա Ամիրխանյանն է, ով երկու տարի առաջ գնել է բնակարանը, նորոգել և մեկնել Մոսկվա:
Անցած տարի, համավարակով պայմանավորված, տանտիրուհին չի կարողացել Երևան գալ և մտերիմներին խնդրել է գնալ ստուգել, արդյո՞ք ամեն ինչ կարգին է:
«Երբ զանգահարեցի հարևանին,-ասում է տիկին Մայան,-և ասացի կատարվածի մասին, հիշեցնելով, որ մեկ տարի առաջ ևս նման խնդիր է եղել, նրա պատասխանն ինձ ուղղակի ապշեցրեց: Դուք ի՞նչ իրավունքով եք ինձ մեղադրում: Սա ձեր խնդիրն է և ինձ բացարձակ չի հետաքրքրում, և ընդհանրապես, ես չեմ բնակարանի տերը, ես ընդամենը տանտիրոջ ներկայացուցիչն եմ, իսկ բնակարանում ապրում է իմ կնոջ եղբայրը»:
Երկար- բարակ հորդորներից հետո, վերջապես փաստացի բնակվողը իջնում, տեսնում է կատարվածն ու խոստանում, որ խնդիրը կլուծեն:
Սակայն, մի քանի օր հետո սկսվում է 44-օրյա պատերազմը:
Արդեն 2021-ի ապրիլին տանտիրուհին իր մտերիմներից մեկին խնդրում է այցելել բնակարան ու տեսնել ինչ վիճակ է:
Տանտիրուհու խոսքով, երբ, սարսափ ֆիլմ հիշեցնող այս լուսանկարները, որ քույրն էր իրեն ուղարկել, տեսավ, առաջին պահին չի հասկացել, որ իր բնակարանն է:
Ըստ Մայա Ամիրխանյանի, երբ քույրը զանգահարել է և տեղեկացրել տանտիրոջը, կամ ինչպես ինքն է ներկայանում՝ տանտիրոջ ներկայացուցչին, նա պատասխանել է, թե քանի որ տանտերը իր հետ կոպիտ է խոսել, մտադրություն չունի պատճառած վնասը փոխհատուցել, չնայած որ գործարանի տնօրեն է և երկու-երեք հարյուր հազար դրամն իր համար խնդիր չէ։
Նա վստահ է, որ նման պահվածքով հարևանն ընդամենը փորձում է արդարացնել պատճառած վնասի չփոխհատուցելը:
«Իսկ եթե, Աստված մի արասցե, առաստաղը փլվեր որևէ մեկի գլխին, սրա պատասխանն ինչպես էր տալու»,-ասում է տանտիրուհին:
Ի դեպ, Կոմիտաս 49 հասցեում գտնվող այս շենքը թաղապետարանում գրանցված չէ, համատիրության մեջ չի մտնում, չունի լիազոր:
Ուր և ում դիմել նման դեպքում տանտերը չի պատկերացնում։ Առաջին միտքը «Ա1+»-ին դիմելն էր, հետո մեր խորհրդով դիմել է Արաբկիրի շրջանի ոստիկանություն և սպասում է պատասխանի: