Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Լիոնել Մեսին Արգենտինայի հավաքականի հետ նվաճեց առաջին մրցանակը (տեսանյութ)

Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի ավագ Լիոնել Մեսին վերջապես ազգային հավաքականի հետ հաղթեց խոշոր մրցաշարում:

Բրազիլիայում ավարտված ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկությունում եզրափակիչում հանդիպեցին դաշտի տերերի և Արգենտինայի հավաքականները: Խաղն ավարտվեց արգենտինացիների նվազագույն հաղթանակով` 1:0: Միակ գոլը 22-րդ րոպեին խփեց Անխել դե Մարիան:

Այդպիսով, Արգենտինան 15-րդ անգամ տիրեց Ամերիկայի գավաթին և այդ ցուցանիշով հավասարվեց Ուրուգվային: Արգենտինացիները վերջին անգամ մրցանակին տիրել էր 1993 թվականին: Բրազիլիան այս մրցաշարում հաղթել է 9 անգամ: 

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին իր կարիերայի ընթացքում առաջին անգամ ազգային թիմի հետ հաղթեց խոշոր մրցաշարում: Մինչ այդ նա անհաջողության էր մատնվել Ամերիկայի գավաթի երեք եզրափակիչներում (2007, 2015, 2016), ինչպես նաև աշխարհի 2014թ առաջնության վճռորոշ խաղում: Ճիշտ է, Լիոնել Մեսին 2008թ դարձել էր օլիմպիական խաղերի չեմպիոն, սակայն այնտեղ հանդես են գալիս մինչև 23 տարեկան ֆուտբոլիստները: