Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լ. Տեր-Պետրոսյան. «Անկախությունն անսակարկելի է» (տեսանյութ)

Քաղաքականություն
4f42759ee28867654d10233f40bab671


Անկախության 19-րդ ամյակն այսօր Հայ ազգային կոնգրեսը նշեց Սարյանի արձանի հարակից այգում` ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ:

«Եկեք անկախությունը ոչ մի բանի հետ չհամեմատենք: Ինձ համար անկախությունն անսակարկելի է: Ինչպիսի անկախություն էլ լինի դա, ինձ համար ամեն ինչից վեր է»,- պատասխանելով «Ա1+»-ի հարցին` ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Նախքան Տեր-Պետրոսյանի ժամանելը` որոշվեց, որ միջոցառման ընթացքում ձայն կտրվի բոլոր նրանց, ովքեր ասելիք ունեն:

«Այն 2 միլիոն մարդը, ով 1991թ-ին «այո» ասեց Անկախության հանրաքվեին, այսօր պարտավոր է տեր կանգնել անկախությանը»,- ասաց ՀՀՇ վարչության նախագահ, 19 տարի առաջ Անկախության հռչակագիրը հրապարակած Արամ Մանուկյանը:

Անկախության տոնն այսօր Կոնգրեսի հետ էր նշում նաեւ սիրված դերասան Երվանդ Մանարյանը: «Անկախությունն այն է, ինչ Աստված տվել է մեզ: Մենք պետք է դրա արժեքը իմանանք եւ կարողանանք պահպանել: Եթե չենք կարողանում պահպանել, մենք արժանի չենք նրա բարեգութ վերաբերմունքին»:

Նրա կարծիքով այսօր Հայաստանի անկախությունը նշելու հնարավորություն ունեցողները երջանիկ մարդիկ են. «Հայ մարդը անկախ լինելու` հազարամյակների, դարերի կարոտ ունի իր սրտում: Այստեղ հավաքվածներս այդ հազարամյա կարոտի կրողներն ենք: Մենք ենք, որ մեր հաջորդ սերնդին պետք է ասենք, որ այն առաջիններն էինք, ովքեր հավաքվեցին եւ միմյանց շնորհավորեցին անկախության կապակցությամբ: Սա կարեւոր երեւույթ է»:

Երվանդ Մանարյան հույս հայտնեց, որ սա կլինի վերջին Անկախության տոնը, երբ մենք կդիմավորենք քաղբանտարկյալների առկայությամբ:

ՍԴՀԿ նախագահ Լյուդմիլա Սարգսյանը հավաքվածներին կոչ արեց չվհատվել եւ հպարտ լինել, որ պայքարի մասնակիցն են. «Մեր պայքարն ավարտվելու է հաղթանակով»:

Սարյանի արձանի հարակից տարածքն այսօր սովորականից մարդաշատ էր:

Այսօրվա միջոցառման ընթացքում Կոնգրեսի համակիրները քաղցրավենիք բաժանեցին միջոցառման մասնակիցներին, ինչպես նաեւ պատահական անցորդների: