Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Արցախյան պատերազմում զոհվածի երեխայի համար ստեղծված հեքիաթը տպագրվեց (տեսանյութ)

Արցախյան պատերազմում զոհված Կարեն Կարապետյանի կինը` Տիգրանուհին, 4-ամյա դստերը` Նանեին հոր մահվան մասին ճիշտ պատմելու համար դիմել էր հոգեբանի, վերջինս էլ փոքրիկ հեքիաթ էր գրել` «Էլլի նապաստակը», որն արդեն դարձել է նկարազարդ գրքույկ ու, ինչպես Տիգրանուհին է նշում, կարող է օգնել յուրաքանչյուր երեխայի` հասկանալ ու առանց խնդիրների ընդունել մահվան գաղափարը:

«Երբ Հրաչուհին` մեր հոգեբանը, ուղարկեց հեքիաթը, կարդացի այն, որոշեցի, որ պետք է գիրք դառնա: Խնդրեցի ընկերներիցս մեկին՝ նկարազարդել: Գրքի առաջին նպատակն այն էր, որ երեխան միայնակ չզգա իրեն՝ իր դժբախտության մեջ և տեսնի, որ դրանից հետո կարելի է ապրել», - ասաց Տիգրանուհի Հովհաննիսյանը:

Փոքրիկ Նանեի արձագանքը դրական էր, ասում է նա: Դեռ մի անգամ է լսել Նանեն հեքիաթը, բայց անընդհատ անդրադառնում է դրան, իրեն ուժ է տալիս:

Հեքիաթն էլ այն լեզուն է, որ երեխաները ընկալում, հասկանում ու սիրում են լավագույնս, ասում է հոգեբան, հեքիաթի հեղինակ Հրաչուհի Առաքելյանը.

«Գիրքը կօգնի ցանկացած կորստի դեպքում` ուղղակի կորստի փաստը պատկերացնելու համար: Անգամ մեծահասակներին եմ խորհուրդ տալիս: Ովքեր կարդացել են, ապրել են ինչ-որ զգացումներ, որոնք բոլորի համար են, համամարդկային են»:

Տիգրանուհին նշեց, որ գիրքը հրատարակվել է իրենց և մի շարք բարերարների միջոցներով: 500 հրատարակված գրքից վաճառքի է միայն 150-ը, մնացածը նվիրելու են 44-օրյա պատերազմում զոհված տղաների 3-6 տարեկան երեխաներին: