Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Շատ դեպքերում մաքսազերծման գումարն ավելի մեծ է, քան հենց մեքենայի արժեքը․ բողոքի ակցիա ՊԵԿ-ի դիմաց (տեսանյութ)

Հայ ավտոներկրողներն ու բեռնափոխադրողները Պետական եկամուտների կոմիտեի շենքի դիմաց ակցիա էին իրականացնում։ Համավարակի հետևանքով ճանապարհների փակվելուց հետո շատ ավտոներկրողների մեքենաներ այդպես էլ մնացել են Վրաստանում կամ սահմաններին։

Ինչպես հայտնեց ավտոներկրող Գեղամ Ղարիբյանը՝ ՀՀ Կառավարությունը պետք է ԵԱՏՄ-ից թույլտվություն ստանա մեքենաները բերելու համար, քանի որ իրենց անփութության պատճառով չեն դրանք այդքան ժամանակ մնացել։

«Մարդիկ բանկային պարտավորություններ ունեն, խնդրում են Կառավարությունից պատասխանել՝ ի՞նչ անեն Գյումրիում, Բագրատաշենում սահմանին գտնվող մեքենաները։ Հետ տանել չեն կարող, քանդել չեն կարող, թողնելն էլ իմաստ չունի», - ասաց Գեղամ Ղարիբյանը։

Արդեն մեկ տարի է՝ դիմումներ ու նամակներ են գրում, պատասխանն էլ այն է, որ մեքենաները կարող են մաքսազերծել միայն նոր դրույքաչափերով․ «Դա անհնար է, այդ մեքենաները գնվել են այն հաշվարկով, որ պետք է մաքսազերծվեն 2019թ․ դրույքաչափերով։ Գնվել են մեքենաները 2019թ․-ի հունիս-սեպտեմբեր ամիսներին։ Ժողովուրդն այս իրավիճակի զոհն է»։

Ավտոներկրողները նշում են, որ նոր դրույքաչափերով մաքսազերծելու պարագայում շատ դեպքերում մաքսազերծման գումարն ավելի մեծ է, քան հենց մեքենայի արժեքը։

«Ես ունեմ մեքենա, որ արդեն այստեղ է, իմ բակում կանգնած է, բայց ոչ մի կերպ չեմ կարող շահագործել, մինչև չմաքսազերծեմ։ Եթե մաքսազերծեմ 2019թ․ դրույքաչափով, լինում է 400 դոլարի սահմաններում, բայց 2020թ․-ից հետո դառնում է 2․5 մլն։ ՊԵԿ-ն ասում է՝ մարդկայնորեն հասկանում եմ, բայց ոչինչ չենք կարող անել։ Մեր հաշվարկով 250 մեքենա մեր ընկերների հետ միասին ունենք բոլորս, որ չենք կարողանում մաքսազերծել», - ասաց ավտոներկրող Ահարոն Սարուխանյանը։

Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանին ընդունել էր ՊԵԿ նախագահի օգնականը, որի Հովհաննիսյան առաջարկել էր Մեղրիի մաքսատան քանդվելուց հետո բոլոր ավտոներկրողներով գումար ներդնեն, գնեն այնտեղ տարածք ու բացեն տերմինալ, իրենք իրականացնեն իրենց բեռնափոխադրումներն ու մաքսազերծումները։

«Իրենք զարմանում են, որ բանվոր դասակարգը եկել, ասում է՝ ես ուզում եմ տերմինալ սարքեմ, փող աշխատեմ։ մարդիկ գիտեն, թե մենք պետք է միշտ ստրուկ լինենք։ Ինչ վերաբերում է ավտոներին, այդ հարցն էլ ենք վաղը քննարկելու։ Վրացիներն ու ադրբեջանցիները բոյկոտեցին հայկական մեքենաները, իրենցը ծախեցին, մերը թողեցին Բաթումի ու Փոթի», - ասաց Տիգրան Հովհաննիսյանը։

Շատ ավտոներկրողներ էլ, նրա խոսքով, «ջրի գնով» մեքենաները վաճառել են Վրաստանում, եկել։ Եթե անգամ պետությունը չի կարողանում լուծել այս հարցը, գոնե պետք է փոխհատուցի։