Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Աշնան և ձմռան համար պանրի դեֆիցիտի վտանգ կա․Պանրագործների միության նախագահ (տեսանյութ)

Աշնան և ձմռան համար պանրի դեֆիցիտի վտանգ կա․ այս մասին ասուլիսում ասաց պանրագործների միության նախագահ Արմեն Գրիգորյանը։ Այդ խնդիրը կրկնվում է մի քանի տարին մեկ, որովհետև կառավարման տեխնոլոգիաների թերացում կա։

«Միշտ բարձրաձայնել եմ, որ ՀՀ-ում ազգային անվտանգության դոկտրինայի շրջանակներում պարենային անվտանգության հետ կապված չունենք հստակ, ճիշտ ձևակերպված փաստաթուղթ։

Որքան կարևոր է բանակը, տնտեսության զարգացման ռազմավարությունը, այնպես էլ կարևոր է պարենային անվտանգության փաստաթղթային դասակարգումը», - ասաց Արմեն Գրիգորյանը։

Առաջին հերթին, նրա խոսքով, կաթ արտադրողներին և վերամշակողներին պետք է, որ լինի անասնապահ-գյուղացու և ֆերմերի ստատուս, այսինքն անասնապահ-գյուղացին և ֆերմերն իրարից տարբերվեն։

«Սեզոնից, խոտի չորային լինելուց պետք է կախվածություն չունենանք՝ կաթի կամ ապրանքի դեֆիցիտ կունենա՞նք, թե՞ ոչ», - ասաց միության նախագահը։

Այս տարի նախորդ տարիների համեմատությամբ բավականին չորային է, նշեց նա, սակայն սա առաջին անգամը չէ, որ նման եղանակ է և այդ խնդիրն ի հայտ է գալիս, բայց կարելի է դրան լուծում տալ․ «Բոլոր նորմալ, քիչ-թե շատ երկրներում այդ հարցը չկա՝ եղանակից կախված չէ կաթնատվությունը»։

Կա նաև պահեստավորման խնդիր, որ նախորդ տարիների համեմատությամբ աճել է 7-10%-ով։

Հեղափոխությունից հետո, ինչպես տեղեկացրեց Արմեն Գրիգորյանը, մի պաշտոնյա, որի անուն-ազգանունը չնշեց, հավաքել էր խոշոր կաթ վերամշակողներին ու ասել, որ ծրագիր են անելու, որի հետևանքով երեք տարի հետո այնքան կաթ է լինելու, ի՞նչ եք անելու․ «Մենք զարմացանք, որովհետև պանրագործները մինչև հիմա բաժակով են կաթ հավաքում, պանիր սարքում։ Ափսոս այդ պաշտոնյան Հայաստանում չէ, շատ կցանկանայի տեսնել նրան, հարցնել՝ ո՞ւր է այդ կաթը»։

Նա նաև ներկայացրեց, թե Հայաստանում յուրաքանչյուր մարդը տարեկան միջինում քանի կգ պանիր է սպառում՝ թիվը տատանվում է 6-8 կգ-ի սահմաններում: