Բժիշկների ակցիան՝ Արմեն Չարչյանի կալանավորումը վերացնելու պահանջով (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԲժիշկները սպիտակ խալաթներով ՀՀ Գլխավոր դատախազության դիմաց պահանջում էին «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի ազատ արձակումը՝ իրենց բողոքը ներկայացնելով բաց նամակի տեսքով, որը ստորագրել էր բժշկական հանրության 539 ներկայացուցիչ։
Երևանի պետական բժշկական համալսարանի դասախոս, վնասվածքաբան Սամվել Սահակյանն ընթերցեց նամակը, որում նշվում էր, որ պրոֆեսոր Չարչյանը երկար տարիներ տառապում է ծանր շաքարային դիաբետով, որի մի շարք բարդությունների պատճառով տեսողական խնդիրների կապակցությամբ վիրահատվել է, անցել է սրտի ստենտավորում։
«Պրոֆեսոր Չարչյանի աշխատասենյակի առջև ամեն օր հիվանդների մեծ հոսք է, որոնք իրացնելով բժշկին ընտրելու իրենց իրավունքը, ցանկանում են վիրահատվել հատկապես նրա մոտ։ Ոչ մի պաշտոնյա հավիտենական չէ, կարևոր է մարդը, հավիտենական են նրա բարի գործերը։ Հիմա մեր հոգին ալեկոծված է, մենք դժվարանում ենք կենտրոնացնել մեր միտքը, մեր մատների դողը խանգարում է մեզ», - նշված էր նամակում։
Նամակում ասվում էր նաև, որ իրենք պահանջում են վերացնել կալանքը, քանի որ վստահ են՝ պրոֆեսորը իրավապահ մարմինների առաջին իսկ պահանջով ներկայանալու է։
Ընթերցելուց հետո Սամվել Սահակյանը նամակի մի օրինակ տարավ դատախազություն, որտեղից դուրս գալիս հավաքվածները նրան ծափերով դիմավորեցին։ Հաջորդ օրինակը տարան ՀՀ Արդարադատության նախարարություն, որտեղ մտնելուց առաջ Սահակյանը նշեց, որ Չարչյանի մոտ այժմ լուրջ բարդացումներ կան և անգամ սրտանոթային ստենտավորման կարիք կա, որը որքան ուշանա, այնքան դժվար կլինի իրականացնելը։
«Մենք քաղաքականության հետ այստեղ ոչ մի գործ չունենք, մենք խնդրում ենք ՀՀ քաղաքացուն՝ օգնել մեզ, որ կարողանանք անել այն, ինչ էլի ենք անելու, անել սրտով, սիրով ու հոգով։ Ուզում ենք վերադառնա իր վիրահատասեղանի մոտ այն պրոֆեսորը, որ երկար տարիներ բացառիկ վիրահատություններ է կատարել», - ասաց նա։
Արդարադատության նախարարությունից նրանք շարժվեցին դեպի ՀՀ Կառավարություն, այնուհետև Առողջապահության նախարարություն, որտեղ նրանք ավելի երկար սպասեցին մուտքի մոտ, քան մնացած բոլոր տեղերում։ Բժիշկներից մեկն էլ նշեց՝ ոստիկանները առողջապահության նախարարությունը պաշտպանում են բժիշկներից։ Այնտեղ էլ նամակը հանձնելուց հետո նրանք գնացին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ ու ՀՀ նախագահի նստավայր։