Բացել լրահոսը Փակել լրահոսը
201899965_1479112205755805_656886396422324279_n
A A
Հասարակություն

2020թ. Ադրբեջանի և Թուրքիայի հանցագործությունների հետևանքով 40,000 անձինք դարձել են ներքին տեղահանված

Այսօր՝ փախստականների միջազգային օրը, պետք է ցավով ընդգծենք, որ ի լրումն 1988-1992թթ. Ադրբեջանական ցեղասպանական գործողությունների հետևանքով արձանագրված Շուրջ 500,000 հայազգի փախստականների ու ներքին տեղահանված անձանց՝ 2020թ. Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից իրականացված մարդկության դեմ հանցագործության հետևանքով ևս շուրջ 40,000 անձինք դարձել են ներքին տեղահանված: Այս մասին գրում է ԱՀ Պետնախարար Արտակ Բեգլարյանը։ Գրառումը՝ ստորև
 
Եվ եթե այդ հանցագործությունների ուղիղ կատարողներն Ադրբեջանն ու Թուրքիան են, ապա միջազգային հանրությունը ակնհայտ պատասխանատվություն է կրում դրանք չկանխելու և հետևանքները չվերացնելու համար: Կուզեի առանձնացնել միջազգային հանրության հանցավոր անգործությունը հատկապես Արցախում բնակվող փախստականների ու ներքին տեղահանված անձանց հիմնախնդիրների լուծման հարցում:
 
Ե՛վ 2020թ. պատերազմից առաջ, և՛ դրանից հետո, անկախ մարդասիրական աղետից ու միջազգայինիրավական պարտավորություններից, այդպես էլ ոչ մի միջազգային կազմակերպություն վճռականություն չունեցավ կատարելու իր պարտավորությունները: Ավելին, նույնիսկ հետպատերազմյան շրջանում որոշ հայտարարություններ կատարվեցին հատկապես Միավորված ազգերի կազմակերպության և Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչների կողմից՝ հստակ ժամկետներ նշելով Արցախ այցելելու և մարդասիրական գործունեություն ծավալելու ծրագրերի մասին, սակայն առ այսօր նրանք ոտք չեն դրել Արցախ՝ հայությանը թողնելով միայնակ ադրբեջանա-թուրքական հանցագործությունների մարդասիրական հետևանքների վերացման ճանապարհին:
 
Այժմ գալով ԱՀ կառավարության պարտավորություններին ու ծրագրերին՝ նշեմ, որ արդեն մեկնարկել են բնակարանային խոշոր նախագծեր, իսկ առաջիկա օրերին կառավարության կողմից կհաստատվի «2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով զոհված(մահացած), 1-ին խմբի հաշմանդամ դարձած և անհայտ բացակայող անձանց ընտանիքների և (կամ) անօթևան մնացած անձանց բնակարանային ապահովման ծրագիրը», որի հիման վրա ինստիտուցիոնալ մոտեցումներով կկանոնակարգվեն ոլորտի բոլոր ընթացակարգերը, չափանիշներն ու գործառույթները:
 
Մենք, ողջ հայության ու որոշակի ՌԴ աջակցությամբ, հնարավորինս կատարելու ենք տեղահանվածներին Արցախ վերադարձնելու և բնակության համար պատշաճ պայմաններ ապահովելու ուղղությամբ:
 
Այդ ջանքերին զուգահեռ, անշուշտ, ԱՀ կառավարության քաղաքական առաջնահերթություններից է վերադարձնել ԱՀ բռնազավթված բնակավայրերը և տեղահանված անձանց հնարավորություն տալ վերադառնալ իրենց տները:
 
Ես համոզված եմ, որ անկախ միջազգային հանրության հանցավոր անգործությունից և ադրբեջանա-թուրքական շարունակական հանցագործություններից, միասնական ու հետևողական ջանքերով մենք կարողանալու ենք լուծել մեր հայրենիքի ու ժողովրդի անվտանգային ու մարդասիրական հիմնախնդիրները:
ԽՆԴԻՐԸ ՄԵՐՆ Է, ՊԱՅՔԱՐՆ ԷԼ ՊԵՏՔ Է ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՐԵՆ ՄԵՐԸ ԼԻՆԻ...