Բացել լրահոսը Փակել լրահոսը
վերանորոգում-01
A A
Հասարակություն

Վերջ գարշահոտությանը

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հայտարարությունը

Հայաստանի Հանրապետության քրեակատարողական ոլորտում շարունակվող լայնածավալ բարեփոխումների շրջանակներում առանձնակի կարևորելով ազատությունից զրկված անձանց պահման պայմանների բարելավումը, ինչպես նաև քրեակատարողական ծառայողների համար աշխատանքային պատշաճ պայմանների ապահովումը՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հերթական առաջընթացն է արձանագրել, այս անգամ՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։

Մասնավորապես՝ տասնյակ տարիներ հիշյալ քրեակատարողական հիմնարկի վարչական մասնաշենքի նկուղային հարկը, անմիջապես դրա վերևում տեղակայված երկարատև տեսակցությունների սենյակները, մանկական խաղասենյակը և աշխատասենյակները գտնվել են անմխիթար և հակասանիտարական վիճակում, ինչը պայմանավորված է եղել ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի սխալ մոնտաժման և շահագործման հանգամանքներով։ Վերը թվարկված սենյակների սանհանգույցները խողովակաշարերով միացված չեն եղել ընդամենը հաշված մետրերի վրա գտնվող դիտահորին, կոյուղաջրերը 20 տարուց ավել թափվել և կուտակվել են նկուղային հարկի հատակին, ինչի հետևանքով գարշահոտություն է տարածվել ինչպես նկուղում և վերևում գտնվող սենյակներում, այնպես էլ ողջ մասնաշենքում։

Խոնավության հետևանքով պարբերաբար առաջացել են նաև սենյակների պատերի արտաքին շերտերի քայքայումներ և բորբոսի հետքեր։ Հակասանիտարական այդ վիճակը վերացնելու նպատակով նախևառաջ վերանորոգվել է ջրահեռացման ցանցը. նկուղային հարկում կատարվել են կեղտաջրերի հավաքման և մաքրման, խողովակաշարերի կառուցման և դիտահորի հետ համակցման աշխատանքներ։ Այնուհետև վերանորոգվել են նաև երկարատև տեսակցությունների սենյակների, մանկական խաղասենյակի և աշխատասենյակների հատակներն ու պատերը՝ արդյունքում ապահովելով թե՛ ազատությունից զրկված անձանց պահման և թե՛ վարչակազմի աշխատանքային բարվոք պայմաններ։

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մշտապես հիմնախնդիրներից մեկն է հանդիսացել մասնաշենքերի տանիքների ոչ բարվոք վիճակը՝ պայմանավորված երկար տարիներ դրանց վերանորոգման ուղղությամբ բավարար միջոցներ չձեռնարկելու, քամու ու բնական այլ երևույթների հետևանքով շարքից դուրս գալու և անձրևաջրերն ու ձնհալից առաջացած ջրահոսքերն անարգել շինության ներս թափանցելու հանգամանքներով: Մասնավորապես՝ 2021 թվականի ապրիլի 10-ին հերթական ուժեղ քամու հետևանքով ամբողջությամբ պոկվել և հարակից տարածք էր ընկել քրեակատարողական հիմնարկի ակումբի տանիքը։

Պետության կողմից հատկացված ֆինանսական միջոցները տնտեսելու, միաժամանակ դրանց արդյունավետ և նպատակային ծախսն ապահովելու համար տանիքի վերանորոգումը հիմնականում իրականացվել է շահագործմանը պիտանի նախկին թիթեղներով, վերանորոգման ընթացքում օգտագործվել են նաև ամբողջովին նոր շինարարական նյութեր (մասամբ նաև՝ նոր թիթեղածածկ)։ Դեռևս խորհրդային ժամանակաշրջանում շահագործման հանձնված «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկն ունեցել է մեծ դահլիճ, որտեղ անցկացվել են ինչպես խորհրդակցություններ և ժողովներ, այնպես էլ արտագնա դատական նիստեր։ Հետագա տարիների ընթացքում դահլիճում վերանորոգման աշխատանքներ չկատարելու պատճառով այն դարձել էր իր նպատակային նշանակությանը չծառայող տարածք և օգտագործվել որպես պահեստ։

Անազատության մեջ պահվող անձանց իրավունքների և օրինական շահերի իրացմանն ուղղված գործուն մեխանիզմների ներդրման, այդ թվում՝ դատապարտյալներին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով դատական նիստերի օպերատիվությունն ու արդյունավետությունն ապահովելու նպատակով վերոհիշյալ դահլիճում իրականացվել են վերանորոգման և կահավորման աշխատանքներ, ինչի արդյունքում այսուհետև այնտեղ կարող են անցկացվել ինչպես արտագնա դատական նիստեր, այնպես էլ խորհրդակցություններ, ժողովներ, լուսավորչական, մշակութային, հոգևոր-կրոնական և այլ միջոցառումներ։

Հատկանշական է, որ տարիներ շարունակ առաջնային համարվող վերոհիշյալ խնդիրները լուծվել են ոչ մեծ ֆինանսական ծախսերով՝ շենքերի և կառույցների ընթացիկ նորոգման և պահպանման նպատակով ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին։

 

Հարկ է նշել նաև, որ ՀՀ կառավարության 2019 թվականի նոյեմբերի 28-ի N 1717-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարությամբ» նախատեսվել էր մինչև 2023 թվականը ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը փակել և Երևան քաղաքի տարածքում կառուցել քրեակատարողական նոր հիմնարկ, սակայն նախ նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման, իսկ այնուհետև նաև՝ Արցախի Հանրապետությունում ծավալվող պատերազմական գործողությունների հետևանքով հիշյալ ռազմավարական ծրագրի իրագործումը ժամանակավորապես առկախվել է։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ ազատությունից զրկված անձանց համար պահման պատշաճ պայմանների ապահովման նպատակով միջանկյալ լուծումներ են տրվում։