Բացել լրահոսը Փակել լրահոսը
20210611_191810
A A
Հասարակություն

Մեր հայրենիքից, մեր հողից ու՞ր գնանք, բա մեր այգիները ու՞մ թողնենք

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Իմ Հայաստան» ծրագիրը, ArtBridge սրճարան-գրախանութի հետ համատեղ անցկացրեց «Վայոց ձորում և Սյունիքում մշակված զբոսաշրջային փորձառությունների ներկայացումը Երևանում» խորագրով միջոցառումը:  

20210611_200111.jpg (3.06 MB)

Սա ներքին զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագիր է: Հերթական հնարավորությունը զբոսաշրջային՝ գաստրո, արհեստագործական և այլ փորձառություններն ու արտադրանքը ներկայացնելու մայրաքաղաքի բնակիչներին ու տուրիստական օպերատորներին, նաև ներգրավելու նոր գործընկերներ: Միջոցառման կազմակերպիչների խոսքով, Հայաստանի ավելի քան մեկ երրորդը կազմող Երևանին մարզերի մշակութային բազմազանության ու սովորույթների մասին ավելի շատ տեղեկություններ տալու համար մարզերից բերել են ցուցադրելու, ակնկալելով, որ իր հերթին Երևանից էլ կամուրջ կլինի դեպի մարզերը, որ ավելի լավ ճանաչեն Հայաստանը:

«Տարին, ինչ խոսք ծանր էր, համավարակով և պատերազմով պայմանավորված, սակայն դուք չնկրկեցիք և սկսեցիք ուղիներ փնտրել, որպեսզի կարողանաք ձեր ավանդական մշակույթը նոր ձևով, նոր փաթեթավորմամաբ ներքին սպառողին ներկայացնել: Երբ մեծ քաղաքներում ենք ապրում, հաճախ մոռանում ենք գյուղական վայրերում կամ փոքր քաղաքներում ինչպիսին է կենցաղը:

Համավարակը, փաստորեն դրական կողմ էլ ունեցավ, քանի որ աշխարհը փակ էր, և մարդիկ սկսեցին ավելի շատ իրենց երկրում ճանապարհորդել ու ծանոթանալ համայնքների կենցաղին»,- ասաց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Այելոն: 

20210611_191810.jpg (1.66 MB)  

Մասնագիտությամբ մանկական ատամնաբույժ Աշխեն Մաշուրյանը որոշեց Վերիշեն գյուղի պապական տանը հիմնել հացատուն: Գաղափարից՝ իրականացում ճանապարհը երկար չտևեց և Աշխենի խոսքով, իրականում շատ ջանք էլ չպահանջեց:

«Մեր տունը միշտ շատ հյուրընկալ է եղել: Մեր տնտեսությունն ենք ունեցել, մեր մթերքը: Նույնիսկ պապիկի տան վերանորոգման համար  առանձնակի մեծ ծախսեր չարվեց, քանի որ գյուղական կոլորիտը որոշեցինք պահել: Հացատունը գործում է արդեն երեք տարի: Վարպետաց դասեր ենք նաև անցկացնում: Իհարկե, համավարակի ու պատերազմի մարտահրավերները աշխատանքային հունից շեղել են, բայց լիահույս ենք և վստահ, որ գործը գլուխ ենք բերելու և «Լոբի-Գորիսը» սարքելու ենք համալիր»:

20210611_193406.jpg (2.39 MB)

Աշխենը հպարտությամբ նշում է, որ գյուղում կա հինգերորդ դարի բազիլիկ եկեղեցի: «Մի խոսքով հրաշք վայր է, և հուսով եմ, որ շատերը կգան այն բացահայտելու: Հիմա զբոսաշրջիկները շատ քիչ են, հիմնականում ռուսներն են գալիս, քանի որ վստահում են սահմանը պահող իրենց խաղաղապահ ուժերին: Ներգնա տուրիզմն էլ այսօր ավելի հակված է դեպի հյուսիս գնալ: Մենք էլ փորձում ենք դիմակայել ու սպասել, որ վիճակը կայունանա»,- ասում է նա:

Նվեր Ղազարյան, Նարինե Մկրտչյան ամուսինները Արևիկ գյուղից են: «Գինեգործությունը ժառանգաբար է մեզ փոխանցվել»,-ասում է Նվերը:- Տնական գինի էինք արտադրում: 2017-ից սարքավորումներ ձեռք բերեցինք, արտադրամաս ստեղծեցինք, շշալցրեցինք ու մեր կարմիր, սպիտակ ու վարդե գինիները անվանեցինք «Մոմիկ»:

20210611_194228.jpg (2.53 MB)

Հետո ամուսինները համտեսի սրահ բացեցին, հենց այգում: Հիմա նաև վարպետաց դասեր են անցկացնում՝ խաղողագործության, գինեգործության, ու քանի որ Նարինեն քանդակագործ է, նաև խաչքարագործության:

«Տարբեր ծրագրերից ենք օգտվել, որոնք օգնել են մեզ ոտքի կանգնել, և հիմա մենք կարող ենք մեր վրա հույսներս դնել:

Նախիջևանից մեզ մեկ ու կես կիլոմետր է անջատում: Սահմանին մոտ ենք, սակայն երբևէ մտքներովս չի անցել, թողնել գնալ: Մեր հայրենիքից, մեր հողից ու՞ր գնանք: Բա մեր այգիները ու՞մ թողնենք»:

Գոհար Բաբայանը Վայոց ձորի Մարտիրոս գյուղից է: Պապենական տունը հյուրատուն է դարձրել: Զբոսաշրջիկներին այստեղ հյուր են անվանում ու բացի հյուրընկալելուց, ծանոթացնում են մշակութային արժեքներին, սովորույթներին, ավանդույթներին ու  ճաշատեսակներին:  

20210611_200018.jpg (2.59 MB)

«Պատմական գյուղ է: Հիմնադրման տարեթիվը՝ 1283  թվական և հիմնադրողների անունները արձանագրված են գյուղամիջի մեծ աղբյուրի մոտ կանգնեցված խաչքարի վրա: Կան ճաշատեսակներ, որ միայն մեր տարածքին են բնորոշ, -ասում է տիկին Գոհարը,- օրինակ, կճուճների մեջ զանազան կանաչիներով հորած պանիրը, կամ «կառշմ ապուրը»: Կառշմը՝ մեր տարածքում աճող խոտաբույս է ու այս ապուրն էլ միայն մեր գյուղում են պատրաստում: Բացի  խոտաբույսից ապուրի մեջ ոսպ, ընկույզ, սխտոր կա: Լավաշով էլ ուտում ենք: Հանդիսությունների ու արարողությունների ժամանակ հենց այս կերակրատեսակն ենք պատրաստում: Խոտաբույսից նաև թթու ենք դնում, կամ չորացնում ու որպես համեմունք  օգտագործում: Մեր բնությունը ոչ միայն շատ գեղեցիկ է, այլև հարուստ է, մենք էլ օգտվում ենք»:

20210611_194913.jpg (2.53 MB)