Առցանց հարցումներ կան, որտեղ մենք 6-8% ձայն ենք հավաքում․ ՔՈ շտաբի համակարգող
Աջակցիր «Ա1+»-ինՔարոզարշավի տարբերվող ու ավանդական տարբերակից շեղվող ձևաչափով է որոշել ընտրարշավն անցկացնել «Քաղաքացու որոշում» կուսակցությունը։ Անցնել տուն առ տուն, թակել բոլոր դռները, խոսել բոլորի հետ անհատապես ու հասկանալ մարդկանց խնդիրները, կարճ ասած՝ «դռնեդուռ» քարոզարշավ է իրականացնում, «Ա1+»-ի հետ զրույցում հայտնեց ՔՈ գլխավոր շտաբի համակարգող Գոռ Հակոբյանը։
«Ե՛վ Երևանում, և՛ Հայաստանի տարբեր մարզերում, այն բնակավայրերում, որտեղ ցանց ունենք, ուղղակի գնում ենք, թակում ենք մարդկանց դռները, մտնում ենք մարդկանց տուն, խնդրում ենք նրանց ուշադրությունը, ներկայացնում ենք մեր կուսակցությունն ու խնդրում ենք, որ աջակցեն մեզ և ընտրեն», - ասաց Գոռ Հակոբյանը։
Առաջիկայում էլ, նրա խոսքով, մանրամասն վիճակագրություն ու ինֆոգրաֆիկաներ կհրապարակեն, թե քանի տուն են մտել, ինչպես են արձագանքել մարդիկ։ Սակայն դռնեդուռ քարոզարշավից բացի իրականացրել են նաև հետաքրքիր ակցիաներ՝ ընդհանուր քարոզարշավային գաղջը ցրելու ու մարդկանց այլընտրանք ցույց տալու նպատակով․ «Իրականացրել ենք քարոզարշավ հեծանիվների միջոցով, կազմակերպել ենք դրական քարոզչություն, երբ դուրս էինք գալիս, խոսում էինք մարդկանց հետ լավ բաներից։ Ընթացքում նաև երաժշտական ֆլեշմոբեր ենք արել»։
Ատելության քարոզարշավին, ինչպես նշեց Գոռ Հակոբյանը, իրենք դեմ են ու չեն ցանկանում իջնել այսօրվա իրականացվող քարոզարշավի մակարդակին։ Մեծ հանրահավաքների «Քաղաքացու որոշում»-ից սպասել հարկավոր չէ։ Նրանք անպայման կգան ու կթակեն ձեր դուռը անհատապես։
Անդրադառնալով «GALLUP International Association»-ի վերջին հարցումների պատասխաններին՝ որտեղ իրենց կուսակցությունը ձայների շատ քիչ տոկոս էր ստացել, նա նշեց, որ դրան զուգահեռ ֆեյսբուքում առցանց հարցումներ կան, որտեղ իրենք 6-8% ձայներ են ստանում․ «Այսօր մեր դռնեդուռ քարոզչության ընթացքում ամեն երրորդ մարդուց մեկը հայտնում է, որ համակրում է մեզ։ Մարդկանց հետ շփվելիս այլ տպավորություն է նրա համեմատությամբ, ինչ ներկայացնում են»։
«Քաղաքացու որոշումը» հասարակությանն ու երկրին առաջարկում է համալիր անվտանգային համակարգ, անվճար կրթություն և անվճար առողջապահություն, ինչպես նաև որակյալ կրթություն և որակյալ առողջապահություն․ «Այս երկուսը մեզ համար շատ կարևոր են։ Եթե մարդիկ այս երկրում հնարավորություն չունենան բարեկեցիկ և արժանապատիվ ապրել, անվտանգային համակարգ մենք նորմալ չենք կարող կառուցել։ Նաև այս երկրում այս ատելության այլանդակ մթնոլորտին պետք է վերջ դնել»։