Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Լրատվական դաշտում գործում են մարդիկ, որ ավելի շատ քիլլերի են նման, քան լրագրողի․ Փաշինյան (տեսանյութ)

Քարոզարշավի 5-րդ օրը «Քաղաքացիական պայմանագիր»-ը Դիլիջանից մեկնարկեց հանդիպումները մարդկանց հետ։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին աղուհացով։ Նիկոլ Փաշինյանը ելույթում նշեց, որ այս ընտրություններում պետք է իրականացնեն հեղափոխության երկրորդ փուլը, որը պետք է լինի կրկին ոչ բռնի, ժողովրդական, բայց այս անգամ ոչ թե թավշյա, այլ պողպատյա հեղափոխություն։

«Հայաստանի Հանրապետությունում պետք է գոյություն ունենա ուժեղ ինստիտուցիոնալ իշխանություն, որը երկրում օրենքի անառարկելիության մթնոլորտ կստեղծի։ Պողպատյա հեղափոխությունը նշանակում է օրենքի կիրառման ինստիտուտների ուժեղացում, նշանակում է օրենքի դիկտատուրա ՀՀ-ում», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Թավիշը հարկավոր էր, նրա խոսքով, որ ի ցույց դրվի մեր հանրության պոտենցիալը, սակայն վերջին 30 տարվա ընթացքում ՀՀ-ում ձևավորվել է կաստայական համակարգ։ Նա նշեց, որ երբ իրենք ասում են՝ բարեփոխել կրթական համակարգը, նախկիններն ասում են՝ մեր սրբությունը շենքերն են, ձեռք մի տվեք դրանք․ «Նրանք չեն ուզում կրթված մարդիկ, որ պաշտոններին իրենց երեխաներին նշանակեն»։

Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ հայաստանյան լրատվական դաշտը «վերածվել է իսկական աղբանոցի» և պետք է կարգավորել այդ դաշտը․ «Պետք է լրագրողական հանրությանը քաջալերենք, նաև օրենքով որոշակի մեխանիզմներ ստեղծենք, որ ստեղծվեն էթիկայի կանոններ հենց լրագրողական համքարության կողմից, այդ էթիկայի կանոնները խախտելու համար պետք է գոյություն ունենան սահմանափակումներ։

Պետական պաշտոնյան ունի էթիկայի կանոններ և դա պետք է խստացնել, նույնը պետք է ունենա լրատվական դաշտի հետ։ Այսօր լրատվական դաշտում գործում են մարդիկ, որ ավելի շատ քիլլերի են նման, քան լրագրողի»։

Փաշինյանի խոսքով՝ Տավուշի մարզի մնացած տեղերում իր ասելիքը վերաբերվելու է հիմնականում անվտանգային հարցերին, սահմանային դրությանը, պատմությանը, ներկայի և ապագայի մասին իրենց պատկերացումներին, բայց կարևոր էր նաև այս ասելիքը։ Ելույթից հետո Նիկոլ Փաշինյանը մոտեցավ հավաքված մարդկանց, ողջունեց, նրանց մեջ շատ էին նաև երեխաները, որոնք գալիս, գրկախառնվում ու լուսանկարվում էին նրա հետ։