«Վատ խաղաղությունը ձեռնտու է»
Նախօրեին ՄԱԿ-ի ԳՎ-ում հետաձգված ադրբեջանական բանաձեւն այսօր տարբեր քննարկումների հիմնական թեման էր: Այս մասին «Հենարան» ակումբում խոսեցին ՊՆ-ին կից հանրային խորհրդի անդամ ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը եւ պատմաբան Էդգար Հովհաննիսյանը:
Ըստ նրանց, Բաքուն բանաձեւը հետ կանչեց, քանի որ հասկացավ, որ գերտերությունները` ի դեմս ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, իրեն չեն աջակցելու:
«Հետաձգումը եւս հաղթանակ է եւ այն տարավ մեր դիվանագիտությունը»,-ասաց Դավիթ Ջալալյանը, նաեւ հավելեց, որ մերժելով Ադրբեջանին գերտերությունները ասացին` իրենց ձեռնտու է վատ խաղաղությունը, քան պատերազմը:
«Իր դերը ունեցավ նաեւ ռուսական գործոնը, երբ Մոսկվան ռուս-հայկական ռազմական պայմանագրի ստորագրմամբ ակնհայտ ցույց տվեց, որ կողմնակից է տարածաշրջանում ձեւավորված իրողությունները պահպանելուն»,-ասաց նա:
Էդգար Հովհաննիսյանինն էլ հավելեց, որ Ադրբեջանը, ով ձախողում է բանակցային գործընթացը, չկարողացավ փոխել իրադարձությունները, որոնք իրեն ձեռնտու չէին հատկապես, սանկտպետերբուրգայն պայմանավորվածություններից հետո:
Այս համատեքստում էլ բանախոսները դիտարկեցին վերջն դիվերսիոն գործողությունները, ասելով, որ սանձազերծելով նման քայլեր, Ադրբեջանը փորձում է գերտերություններին ստիպել այլ մոտեցում դրսեւորել :
«Այդ քայլերը, սակայն, հօդս ցնդեցին բախվելով զգոն հայկական դիմակայությանը: Հենց այս պատճառով էլ համոզված ենք, որ տեղային հարձակումները պատերազմական գործողությունների չեն վերաճի»,-փաստեցին նրանք:
Դավիթ Ջամալյանը եւ Էդգար Հովհաննիսյանը նաեւ նշեցին, որ Հայաստանը պետք է թույլ չտա, որ իր վրա ճնշումներ գործադրվեն: