Բացել լրահոսը Փակել լրահոսը
large
A A
Պաշտոնական

Ադրբեջանական զինուժը փորձել է ամրաշինական աշխատանքներ իրականացնել․ այս փորձերը կանխվել են․ ՀՀ ՊՆ

Հունիսի 4-ին «Ազատություն» ռադիոկայանով հեռարձակված՝ ««Ինչ ուզում՝ անում են». ադրբեջանցիները ճանապարհներ ու խրամատներ են կառուցում հայկական տարածքներում» վերնագրով տեսանյութի կապակցությամբ ՀՀ ՊՆ-ն հայտնում է հետևյալը.

Վերջին շրջանում ադրբեջանական զինված ուժերի կողմից մի քանի անգամ նախաձեռնվել են հայ-ադրբեջանական սահմանագծի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող սահմանային հատվածներում ամրաշինական աշխատանքներ իրականացնելու փորձեր, որոնք, սակայն, ժամանակին կանխվել են հայկական ստորաբաժանումների համապատասխան գործողություններով։

Մասնավորապես՝ ս.թ. հունիսի 3-ին Ադրբեջանի զինված ուժերը փորձել են տրակտորով որոշակի հողային աշխատանքներ իրականացնել սահմանային հատվածի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում։ Հայկական ստորաբաժանումների նախազգուշական կրակոցներից հետո աշխատանքները դադարեցվել են։ Ադրբեջանական կողմին հստակ պահանջ է ներկայացվել նմանատիպ փորձերի կրկնությունը բացառելու վերաբերյալ։

Այդուհանդերձ, Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում է ինժեներական և ամրաշինական աշխատանքներ իրականացնել այն տարածքներում, որտեղ գտնվում են իրենց մարտական հենակետերը՝ առանց հատելու Հայաստանի Հանրապետության սահմանը։ Քանի որ այդ տարածքները և ադրբեջանցի զինվորականների կողմից այնտեղ իրականացվող շարժը տեսանելի է Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա, ինչպես նաև Կութ գյուղերից, դա հարուցում է տեղի ազգաբնակչության մտահոգությունը, ինչը և արտացոլված է ՄԻՊ զեկույցում։