Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ընտրական օրացույց. 19 օր առաջ. Ընդդիմությունն իշխանության հետ խոսում էր վերջնագրով (տեսանյութ)

Հարգելի ընթերցողներ։

Ընտրություններին մնացել է 19 օր։

Ընտրական օրացույց շարքը մենք պատրաստել էինք 2017թ-ին։ 

 ԱԺ ընտրություններից 19 օր առաջ եկեք թերթենք խորհրդարանական նախորդ ընտրությունների էջերը։

Ինչ լոզունգներով էին պայքարում քաղաքական ուժերը, եւ ի՞նչ էր կատարվում․ առաջարկում ենք դիտել այս շարքը․․․

-----------------------------

1995-ի քարոզարշավներին ընդդիմությունն իշխանության հետ խոսում էր վերջնագրով: Ընդդիմադիր ԱԺՄ-ի առաջնորդ Վազգեն Մանուկյանը եւ Ալբերտ Բաղդասարյանը իշխանությանը եւ ԿԸՀ-ին 4 օր ժամանակ է տալիս, որպեսզի նրանք ընտրություններին մասնակցելու համար գրանցեն ընդդիմադիր բոլոր կուսակցություններին: Նրանք նաեւ պահանջում են հետաձգել ընտրությունները:

Այս օրերին ԿԸՀ-ն հաստատում է 50-րդ ընտրատարածքում  Լեւոն Տեր-Պետրոսյանի նախկին խորհրդական Աշոտ Մանուչարյանի թեկնածության գրանցումը մերժելու ընտրատարածքային հանձնաժողովի որոշումը: Մանուչարյանի առաջադրման պաշտոնաթերթիկում հայտնաբերվել է 56 կեղծ և 27 անվավեր ու թերի ստորագրություն: «Կամ ժողովուրդը փոխում է իշխանություններին խաղաղ ճանապարհով, կամ, հակառակ դեպքում դա անում է ուժով»,-ասում է Մանուչարյանը:

1999-ի քարոզարշավի ժամանակ ԱԺՄ հանրահավաքներին անձրեւի պակասություն չկար: Կուսակցության ներկայացուցիչ Սեյրան Ավագյանը բոլորին կոչ է անում մասնակցել ընտրություններին առանց կեղծիքներից վախենալու:  Ի դեպ, այս հանրահավաքին խոսք էր ուզում ասել նաեւ Փարիզի Օռլի օդանավակայանում 8 անմեղ մարդու մահվան պատճառ դարձած Վարուժան Կարապետյանի հայրը: Սկզբից նրան կոպտորեն խանգարեց Արշակ Սադոյանը: Այնուհետեւ ինչ-որ մարդիկ ծերունուն ընդհանրապես դուրս շպրտեցին ամբիոնից:

«Առաջիկա 30 տարիներին Հայաստանում ընտրություններ չեն լինելու»,- 1999-ի քարոզարշավին մարգարեանում է կուսակցության նախագահ Շողեր Մաթեւոսյանը: «Շամիրամը» միայն կանանցից կազմված կուսակցություն էր, որը խորհրդարան էր մտել 1995-ին Ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանի աջակցությամբ: Կուսակցությունը խորհրդարանում բոյկոտել էր Ընտրական օրենսգրքի քվեարկությունը, սակայն չէր բոյկոտել առաջադրումը 1999-ի ընտրություններին։ «

Գրանդ Հոլդինգ»-ի նախագահ Հրանտ Վարդանյանը, 2003-ի խորհրդարանական ընտրություններում աջակցում է ՀՅԴ-ին, սակայն ֆինանսավորում է իր ղեկավարած Համահայկական աշխատավորական կուսակցության անդամներին: Նրանցից մեկը իր որդին է, որն ընդգրկված է Դաշնակցության համամասնական ցուցակում: Իսկ ինքը՝ հոլդինգի ղեկավարն ինչու՞ չի առաջադրվում: «Որեւէ գործարար ֆիզիկապես հնարավորություն չունի հա'մ իր գործը վարի, հա'մ գնա, նստի պառլամենտում կամ նախարար աշխատի»,-ասում է նա: 

2007-ին Հանրապետական կուսակցությունը Ալավերդի քաղաքի բնակիչներին հենց իր գրասենյակում առաջարկում է ընտրակաշառքի մեկ այլ եղանակ՝ տեսողության բուժզննում եւ ակնոցների բաժանում: «Օրենքը չի արգելում»,-ասում է քաղաքի Հանրապետականի համակարգողը: Ըստ նրա դա բարեգործություն է, որը պետք է ավելացնի իր կուսակցության հեղինակությունը։ Վանաձորցիները ընդունել են քարոզարշավի հերթական ներկայացուցչին՝ Արամ Կարապետյանին: Նույն օրը նրա քարոզարշավին միանում է քաղաքի մեծամասնական թեկնածու Վիկտոր Դալլաքյանը: Քաղաքային իշխանությունները հանդիպումից երկու ժամ առաջ լուրեր էին տարածել, թե այն տեղի չի ունենալու: Ժողովուրդը սակայն չլսեց եւ եկավ.  «Երկու տարի ինչ ասես գլխներիս արեցին, փորձեցին Ալֆայով օպերացիաներ արել, կանգնեցնել, պառկեցնել գետնին ավտոմատավորներ՝ 25 հոգի դիմակներով, Սեւանում կրակեցին մեր վրա, փորձեցին քրեական գործ հարուցել, 68 մարդ ձերբակալեցին։ Իրավունք ունի՞ արդյոք այն իշխանությունը, որի պարագայում ժողովրդի 900 հազար մարդ թերսնվում է, 1-ին դասարան 14 հազար թերսնված երեխա դպրոց չի գնացել: Այսինքն, ձեզ ղեկավարում են հանցագործները»:  

2012-ին Հայ Ազգային կոնգրեսի քարոզչական հանրահավաքներն աչքի են ընկնում սակավամարդությամբ: Բացառություն չէր նաեւ Արարատի մարզը: Լեւոն Տեր-Պետրոսյանը դա բացատրում է նրանով, որ մարդիկ փոփոխություններն ակնկալում են ոչ թե խորհրդարանի, այլ նախագահի ընտրություններից:

Սակայն այսօր Հայ Ազգային Կոնգրեսին ընտրել պետք է։ Գորիսում Հանրապետականի առաջնորդը մեջբերում է Գարեգին Նժդեհին՝ ազգերը չեն կարող ներքուստ պառակտված լինել: Սյունեցիներին նա խոստանում է տնտեսական եւ մշակութային վերելք, Սյունիքը քայլելու է 21-րդ դարին համընթաց: Սիսիանում Սերժ Սարգսյանն ավելի կոնկրետ է. «Մենք ասում ենք՝ արդարություն յուրաքանչյուրի համար, ասում ենք յուրաքանչյուրի համար հարկային համակարգ եւ գործարար միջավայր, ասում ենք բարձրակարգ առողջապահություն յուրաքանչյուրի համար»: