Բացել լրահոսը Փակել լրահոսը
f60b1fed833233_60b1fed833278.thumb
A A
Հասարակություն

ԿԸՀ -ն 48 ժամ տվեց Միհրան Պողոսյանին եւ մի շարք այլ թեկնածուների

Ընտրություններին մասնակից այն քաղաքացիները, որ գրանցված են այլ համայնքում, սակայն տվյալ օրը գտնվելու են մեկ այլ համայնքում, կարող են դիմում ներկայացնել մինչև հունիսի 10-ը և փոխել ընտրություն կատարելու վայրը, այս մասին ԿԸՀ արտահերթ նիստում տեղեկացրեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։

Նրա խոսքով` դա սահմանված է «Ընտրական օրենսգրքով» և միայն վերաբերում է մեկ համայնքից մյուսը տեղափոխվելուն, ոչ թե, օրինակ, Երևանի մեկ ընտրատեղամասից մյուսը գնալուն:

«Հաշվառում չունեցող քաղաքացիները կարող են մինչև հունիսի 10-ը դիմել Անձնագրային վիզաների վարչություն` ըստ գտնվելու վայրի անձնագրային ծառայություն, ընտրողների ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու համար` նշելով քվեարկության օրը գտնվելու հասցեն», - ասաց Տիգրան Մուկուչյանը:

Նա անդրադարձավ նաև հանրապետությունում 5 քառակուսի մետր մակերեսը գերազանցող պաստառներին և նշեց, որ նախընտրական քարոզչության համար սահմանված կանոնները գործելու են քարոզչության մեկնարկից: Նախընտրական պաստառները և ԿԸՀ կողմից նախընտրական քարոզչության հետ ասոցացվող ճանաչված պաստառները ենթակա են հեռացման.

«ԿԸՀ-ն գրանցումից անմիջապես հետո քննարկելու է հիշյալ հարցը և եթե մինչև հունիսի 6-ը կլինեն պաստառներ, որ ինքնակամ չեն հեռացվի, դրանք կհեռացվեն համապատասխան մարմինների կողմից»:

Մուկուչյանը նշեց, որ այսօրվա արտահերթ նիստի օրակարգում ընգրկված են կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կողմից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված տարաբնույթ խնդիրները:

«Ազատ Հայրենիք» կուսակցությունների դաշինքի ցուցակի թեկնածու Ալիա Արսենի Ֆիդանյանի փաստաթղթերում բացակայում է վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու և վերջին 4 տարում միայն ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանքը և հայերենի տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթղթերի պատճենը: Եվ Նաիրա Հովհաննիսյանի փաստաթղթերում բացակայում է հայերենի տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթղթի պատճենը:  Կուսակցությունների դաշինքներին տրվեց 48 ժամ` տվյալ փաստաթղթերը լրացնելու համար:

Վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու և վերջին 4 տարում մշտապես ՀՀ-ում բնակվելու մասին տեղեկանքը բացակայում էր նաև «Պատիվ ունեմ» դաշինքի 11-րդ համարի թեկնածու Միհրան Պողոսյանի փաստաթղթերում: Դաշինքին նույնպես տրվեց 48 ժամ` բացը լրացնելու համար:

Հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթղթի պատճենը պակասում էր նաև ԲՀԿ ցուցակի 89-րդ համարի` Արսեն Համլետի Չալանդուզյանի փաստաթղթերից:

«Ազատություն» կուսակցության դեպքում, բացի նշված բացթողումներից, Տիգրան Մուկուչյանը նշեց, որ պահպանված չէ ՀՀ «Ընտրական օրենսգրքի» 83 հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջն առ այն, որ ընտրական ցուցակի առաջին մասում ընդգրկված այդ կուսակցության անդամ չհանդիսացող անձանց թիվը չի կարող գերազանցել ընտրական ցուցակի առաջին մասում ընդգրկված թեկնածուների ընդհանուր թվի 30 տոկոսը:

«Հանձնաժողովը գտնում է, որ անհրաժեշտ է կուսակցությանը տրամադրել 48 ժամ ժամանակ նշված թերությունները վերացնելու համար, եթե վերը նշված թերությունները տեխնիկական վրիպման արդյունք են»,-ասաց Տիգրան Մուկուչյանը: